Սերբիան դեմ կլինի ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում Սրեբրենիցայի վերաբերյալ սպասվող բանաձեւին
Սերբիան երախտապարտ է ԱՄՆ-ի ներդրումների համար, որոնք բարելավում են կյանքը իր քաղաքներում, սակայն դեմ կլինի ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում Սրեբրենիցայի վերաբերյալ սպասվող բանաձեւի ընդունմանը։
Այդ մասին ասել է Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը ԱՄՆ-ի պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ'Բրայենի այցի ժամանակ։
«Կարևոր է կենտրոնանալ և հաճախ խոսել լավ բաների մասին, որոնք չափազանց կարևոր են մեր համագործակցության համար: Սերբիայում կան քաղաքներ, որոնք շնորհիվ ամերիկյան ընկերությունների ապրում են պարկեշտ և լավ պայմաններում: Ես բացել եմ Սրեմսկա Միտրովիցայի գործարանը, ինչպես նաև Կրուսևացի մերձակայքում գտնվող ժամանակակից մայրուղիները, որոնք կառուցվել են ամերիկյան ընկերությունների կողմից, և ես դրա համար շնորհակալ եմ մեր ամերիկացի գործընկերներին»,- ասել է Վուչիչը։
Միևնույն ժամանակ, նա նշել է, որ Սրեբրենիցայի հարցում Բելգրադի և Վաշինգտոնի դիրքորոշումները տարբերվում են, սակայն համընկնում են տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանման անհրաժեշտության հարցում և ընդգծել է Սերբիայի իշխանությունների լավ համագործակցությունը ՆԱՏՕ-ի կոնտինգենտի հետ։
Սրեբրենիցան, որը ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի կողմից 1993 թվականի ապրիլին հայտարարվել էր «անվտանգության գոտի», գրավվեց բոսնիացի սերբերի կողմից 1995 թվականի հուլիսի 11-ին, որտեղ տեղի ունեցավ 1991- 1995 թվականներին Հարավսլավիայում տեղի ունեցած քաղաքացիական պատերազմի ամենազարհուրելի իրադարձություններից մեկը։