Խաղաղության օրակարգի հարցում մեզ հաջողվել է 5 ամսում երկու շատ կարևոր իրադարձություն ունենալ. Փաշինյան
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի իշխանության որդեգրած խաղաղության օրակարգի հարցում երկու շատ կարևոր իրադարձություն է նշում, որոնք տեղի են ունեցել վերջին 5 ամսում:
Փաշինյանն այս մասին խոսեց Լոռու մարզում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստին:
Վարչապետը նկատեց՝ ընդդիմադիրները քննադատում են իշխանությանը՝ պնդելով, որ խաղաղության օրակարգը մնում է միայն խոսքի մակարդակում, իսկ իրականում լինում են կրակոցներ և զոհեր:
«Ես ուզում եմ ընդգծել, որ վերջին 5 ամսում մեզ հաջողվել է 2 շատ խոշոր իրադարձություն ունենալ խաղաղության օրակարգի հարցում: Մեկը 32 գերիների ազատ արձակումն է: Ցավոք, մենք ոչ բոլոր գերիներին ենք վերադարձրել, բայց սա շատ խոշոր իրադարձություն է»,–ասաց վարչապետը՝ հավելելով, որ դա իրենց պարտականությունն է, ամեն ինչ կանեն, որ գերեվարված բոլոր հայրենակիցները վերադառնան:
Փաշինյանը որպես երկրորդ կարևոր իրադարձություն նշեց Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ ապրիլի 19-ին ձեռք բերված պայմանավորվածությունը:
Նա այս պայմանավորվածություն համարեց Հայաստանի և Ադրբեջանի միջև շատ կարևոր ակտ, որի քաղաքական նշանակությունը պետք է գնահատել:
Անդրադառնալով խաղաղության օրակարգին՝ Փաշինյանը հավելեց, որ այն առարկայանալու, միս ու արյուն ստանալու շանս է ստանում, սակայն հեշտ չի լինելու: Սահմանազատման գործընթացում անխուսափելիորեն հարցեր ծագելու են, և դրանք լուծելու քաղաքական կամք պետք է լինի:
Նա նշեց, որ Տավուշի մարզի Կիրանց գյուղի հետ կապված որոշակի խնդիրներ են ծագել, ճանապարհի հարց պետք է լուծեն: Վարչապետը չբացառեց, որ մի քանի տների հարց լուծելու անհրաժեշտություն ևս լինի: