Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ վերջին պայմանավորվածությունն էականորեն նվազեցնելու է անվտանգային այն ռիսկերը․ Փաշինյան
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ վերջին պայմանավորվածությունն էականորեն նվազեցնելու է անվտանգային այն ռիսկերը, որոնք առկա են Տավուշի մարզի Բաղանիս, Ոսկեպար, Կիրանց բնակավայրերի հատվածում, ինչպես նաև Ադրբեջանի հետ սահմանի ողջ երկայնքով:
Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշնյանը:
«Շատ կարևոր է արձանագրել, որ առաջին անգամ Հայաստանն ու Ադրբեջանը սեղանի շուրջ լուծել են հարց: Իհարկե, դա ձեռքբերում է և՛ Ադրբեջանի համար, և՛ էական ձեռքբերում է Հայաստանի համար: Ըստ էության, Հայաստանն ու Ադրբեջանն արդեն երկկողմանի ստորագրություններով հաստատեցին միմյանց տարածքային ամբողջականության ճանաչումը և հաստատեցին, որ սահմանազատման գործընթացում ոչ թե նոր սահման է ստեղծվելու, այլ վերարտադրվելու է Խորհրդային Միության փլուզման պահին դե յուրե իրավական նշանակություն ունեցող սահմանը»,–ասաց Փաշինյանը՝ սա շատ կարևոր ձեռքբերում համարելով:
Վարչապետն այս իրադարձությունը համարեց անկյունաքարային ՀՀ ինքնիշխանության, անկախության, զարգացման հաջորդ փուլի համար: Սա անկյունքար է, որի շուրջ պետք է կարողանալ կառուցման, ստեղծման գործընթաց իրականացնել:
«Այս որոշումն էականորեն նվազեցնելու է անվտանգային այն ռիսկերը, որոնք մենք ունենք նախ Բաղանիս-Ոսկեպար-Կիրանց հատվածում, բայց նաև ընդհանրապես Հայաստանի սահմանի ողջ երկայնքով: Մենք պայմանավորվելենք հիմա այս հատվածի վերաբերյալ, բայց նաև հիմնարար սկզբունք ենք որդեգրել հետագա սահմանազատման ողջ գործընթացի համար, ինչը նշանակում է, որ կարող ենք արդեն իսկ ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն նստել ու բոլոր վիճահարույց հարցերը բանակցությունների սեղանի շուրջ լուծել»,-նշեց նա:
Հիշեցնենք՝ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղի է ունեցել երկու երկրի միջև պետական սահմանի սահմանազատման հարցերով հանձնաժողովների ութերորդ հանդիպումը՝ Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանի և Շահին Մուստաֆաևի նախագահությամբ: Հանդիպման արդյունքում ստորագրվել է արձանագրություն:
Կողմերը պայմանավորվել են աշխատանքային կարգով համաձայնեցնել հաջորդ հանդիպման անցկացման ամսաթիվն ու վայրը: ՀՀ արտգործնախարարության հաղորդագրության համաձայն՝ այսօրվա հանդիպման արդյունքում նախնական համաձայնություն է ձեռք բերվել սահմանագծի Բաղանիս - Բաղանիս Այրում, Ոսկեպար - Աշաղը Ասկիպարա, Կիրանց - Խեյրումլի և Բերքաբեր - Կըզըլ Հաջիլի հատվածները համապատասխանեցնել Խորհրդային Միության փլուզման պահին գոյություն ունեցող իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանին: