Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների միջև ապրիլի 19-ին ձեռք բերված պայմանավորվածությանը սահմանազատման գործընթացի վերաբերյալ։
Ստեփանավանում լրագրողների հետ զրույցում Փաշինյանն ասել է, որ նախ կցանկանար գնահատել տեղի ունեցածի քաղաքական նշանակությունը։
«Ես չէի ուզի, որ մենք գնահատենք տեղի ունեցածը, բայց նաև չէի ուզի, որ թերագնահատենք, որովհետև շատ կարևոր է արձանագրել, որ, ըստ էության, առաջին անգամ Հայաստանը և Ադրբեջանը սեղանի շուրջ լուծել են հարց»,- հայտարարել է վարչապետը։
Հիշեցնենք՝ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղի է ունեցել երկու երկրի միջև պետական սահմանի սահմանազատման հարցերով հանձնաժողովների ութերորդ հանդիպումը՝ Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանի և Շահին Մուստաֆաևի նախագահությամբ: Հանդիպման արդյունքում ստորագրվել է արձանագրություն:
Կողմերը պայմանավորվել են աշխատանքային կարգով համաձայնեցնել հաջորդ հանդիպման անցկացման ամսաթիվն ու վայրը: ՀՀ արտգործնախարարության հաղորդագրության համաձայն՝ այսօրվա հանդիպման արդյունքում նախնական համաձայնություն է ձեռք բերվել սահմանագծի Բաղանիս - Բաղանիս Այրում, Ոսկեպար - Աշաղը Ասկիպարա, Կիրանց - Խեյրումլի և Բերքաբեր - Կըզըլ Հաջիլի հատվածները համապատասխանեցնել Խորհրդային Միության փլուզման պահին գոյություն ունեցող իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանին: