ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ողջունում է Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը սահմանազատման վերաբերյալ
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների միջև ապրիլի 19-ին ձեռք բերված պայմանավորվածությունը։ Այս մասին հայտարարությունը է տարածել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի մամուլի քարտուղարը։
«Գլխավոր քարտուղարն ուշադիր հետևել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին։ Նա ողջունում է ապրիլի 19-ին ձեռք բերված համաձայնությունը համապատասխան պետական հանձնաժողովների միջև Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման վերաբերյալ և կողմերին խրախուսում է շարունակել սահմանի մնացած հատվածների սահմանազատումն ու սահմանագծումը և լուծել երկկողմանի բոլոր առկա խնդիրները՝ հասնելու համար հարաբերությունների լիարժեք նորմալացման»,- ասված է հայտարարության մեջ։
Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածության հետ կապված վարչապետի աշխատակազմի Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը պատասխանել է «Արմենպրես»-ի գրավոր հարցերին։ Վարչապետի աշխատակազմից նշել են, որ հայտարարության համաձայն՝ երկու հանձնաժողովները քարտեզի վրա վերարտադրել են Հայաստանի Բաղանիս, Ադրբեջանի Բաղանիս-Այրում, Հայաստանի Ոսկեպար, Ադրբեջանի Աշաղը Ասկիպարա, Հայաստանի Կիրանց, Ադրբեջանի Խեյրեմլի, Հայաստանի Բերքաբեր, Ադրբեջանի Կըզըլ Հաջիլի գյուղերի միջև Խորհրդային Միության ժամանակներում գոյություն ունեցած սահմանները, եւ հաջորդ քայլով այդ սահմանները պետք է ճշտվեն եւ արտահայտվեն նաեւ գետնի վրա։ Գործընթացի քարտեզագրական հիմքը ԽՍՀՄ ժամանակաշրջանի իրավական հիմնավորում ունեցող ամենաթարմ տոպոգրաֆիկ քարտեզներն են, որոնք կազմվել են նման իրավասություն ունեցող մարմինների կողմից: Վարչապետի աշխատակազմից կարևոր են համարել նաև արձանագրել, որ հանձնաժողովները համաձայնել են, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի վրա, ինչն արձանագրվում է որպես սահմանազատման գործընթացի հիմնարար սկզբունք: