ՆԱՏՕ-ի անդամ երկրները Կիևին հակաօդային պաշտպանության լրացուցիչ համակարգեր կտրամադրեն. Ստոլտենբերգ
ՆԱՏՕ-ի անդամ երկրները պայմանավորվել են Կիևին տրամադրել հակաօդային պաշտպանության լրացուցիչ համակարգեր՝ հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը դաշինքի երկրների պաշտպանության նախարարների և Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հանդիպումից հետո:
«Բացի Patriots համակարգերից, կան այլ զենքեր, որոնք կարող են տրամադրել դաշնակիցները, ներառյալ՝ ֆրանսիական SAMP/Ts համակարգը: Այն դաշնակիցները, որոնք չունեն մատչելի համակարգեր, խոստացել են ֆինանսական աջակցություն ցուցաբերել Ուկրաինայի համար դրանք գնելու նպատակով»,- Բրյուսելում լրագրողներին ասել է Ստոլտենբերգը:
Նա չի մանրամասնել, թե որքան նոր ՀՕՊ համակարգեր կստանա Ուկրաինան, սակայն ասել է, որ առաջիկա օրերին սպասում է նոր հայտարարությունների: