ՀՀ ԱԳՆ-ն ամփոփել է Արարատ Միրզոյանի՝ Սաուդիան Արաբիա այցը
ՀՀ ԱԳՆ-ն ամփոփել է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի՝ Սաուդյան Արաբիայի Թագավորություն այցը:
«Ամփոփելով ապրիլի 17-18-ը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի այցը Սաուդյան Արաբիայի Թագավորություն՝ նշենք, որ այցը պատմական էր՝ կայանալով երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումից հետո, իսկ օրակարգը հագեցած էր ոլորտային տարբեր ուղղություններով հանգամանալից քննարկումներով.
-կայացել են նախարար Միրզոյանի հանդիպումները Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարարի, էկոնոմիկայի և պլանավորման, ինչպես նաև կրթության նախարարի հետ,
-փոխնախարար Կոստանյանը հանդիպում է ունեցել Սաուդյան Արաբիայի տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալի հետ:
Բոլոր հանդիպումների ժամանակ երկուստեք պատրաստակամություն է արտահայտվել զարգացնել ՀՀ-ի և ՍԱ-ի միջև քաղաքական երկխոսությունը, համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող և մեծ ներուժ ունեցող ոլորտներում՝ հիմնվելով հարաբերությունների զարգացման յուրովի ճանապարհային քարտեզի վրա:
Առանձնահատուկ ուշադրություն է հատկացվել տարածաշրջանային փոխկապակցվածության հարցերին, այդ նպատակով ներդրումների ապահովմանը՝ որպես տնտեսական զարգացման ու կայունության ապահովման կարևոր գործոն:
Ընդգծվել է նաև բոլոր արաբական երկրների հետ ՀՀ խորացող համագործակցությունը՝ հիմնված հայ և արաբ ժողովուրդների միջև ավանդական բարեկամության, փոխադարձ համակրանքի և ընդհանուր առանահերթությունների վրա:
Այցի ավարտին նախարար Միրզոյանը նաև հարցազրույց է տվել տեղի առաջատար պարբերականի, որը կներկայացնենք լրացուցիչ»,- ասված է հաղորդագրության մեջ: