Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․ Եղոյան
Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման հարցերով պետական հանձնաժողովների ութերորդ հանդիպման արդյունքներով Հայաստանն ու Ադրբեջանը առաջին անգամ կունենան պետական սահմանի սահմանազատված հատված։ Այդ հատվածում գետնի վրա կվերարտադրվեն Խորհրդային Միության փլուզման պահին գոյություն ունեցած, իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները, որտեղ պետական սահմանապահ հսկողություն կիրականացնեն երկու պետությունների սահմանապահ ծառայությունները։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, եվրաինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը՝ անդրադառնալով սահմանազատման հանձնաժողովների հանդիպմանը ձեռք բերված պայմանավորվածությանը:
«Սա՝ ի հեճուկս բոլոր այն պնդումների, թե Հայաստանը չունի սահման, և ի հեճուկս բոլոր այն պնդումների, թե Հայաստանը պատրաստվում է զիջել իր սուվերեն տարածքից որևէ քառակուսի մետր։
Կողմերը նաև պայմանավորվածություն են ձեռք բերել, որ սահմանազատման հետագա գործընթացում կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991 թ. հռչակագրով․ մի բան, որից Ադրբեջանը արդեն տևական ժամանակ խուսափում էր»,- գրել է Եղոյանը։
Հիշեցնենք՝ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին այսօր տեղի է ունեցել երկու երկրի միջև պետական սահմանի սահմանազատման հարցերով հանձնաժողովների ութերորդ հանդիպումը՝ Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանի և Շահին Մուստաֆաևի նախագահությամբ: Հանդիպման արդյունքում ստորագրվել է արձանագրություն: Կողմերը պայմանավորվել են աշխատանքային կարգով համաձայնեցնել հաջորդ հանդիպման անցկացման ամսաթիվն ու վայրը: Մեր արտգործնախարարության հաղորդագրության համաձայն՝ այսօրվա հանդիպման արդյունքում նախնական համաձայնություն է ձեռք բերվել սահմանագծի Բաղանիս - Բաղանիս Այրում, Ոսկեպար - Աշաղը Ասկիպարա, Կիրանց - Խեյրումլի և Բերքաբեր - Կըզըլ Հաջիլի հատվածները համապատասխանեցնել Խորհրդային Միության փլուզման պահին գոյություն ունեցող իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանին: