Արձանագրվել են մի շարք առերևույթ խախտումներ. ՊՎԾ-ում ամփոփվել են ՀՀ քաղաքաշինության կոմիտեում և ԿԳՄՍՆ-ում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները
ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը խախտումներ է արձանագրել ՀՀ քաղաքաշինության կոմիտեում և կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում:
ՀՀ պետական վերահսկողական ծառայությունում ամփոփվել են վարչապետի հանձնարարությամբ, Ծառայության ղեկավարի հանձնարարագրերի հիման վրա ՀՀ քաղաքաշինության կոմիտեում (այսուհետ՝ Կոմիտե) և ՀՀ ԿԳՄՍ նախարարությունում (այսուհետ՝ Նախարարություն)` Արմավիրի մարզի Ջրառատ համայնքի ծանրամարտի մարզադահլիճի, «Ջանֆիդայի Է.Դաշտոյանի անվան միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի, Արարատի մարզի «Դեղձուտ համայնքի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի, Լոռու մարզի «Վանաձորի Ծովակալ Իսակովի անվան թիվ 23 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի և Սյունիքի մարզի «Վաղատին գյուղի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի կառուցման աշխատանքների, նախագծման, հեղինակային/տեխնիկական հսկողության, ինչպես նաև գույքով ապահովելու նպատակով հատկացված պետական միջոցների կառավարման օրինականության և արդյունավետության վերահսկողության ապահովման նպատակով իրականացված ուսումնասիրությունների արդյունքները:
«Ուսումնասիրությունների արդյունքում արձանագրվել են մի շարք առերևույթ խախտումներ և համակարգային խնդիրներ, որոնց հետևանքով, Ծառայության գնահատմամբ, ՀՀ պետական բյուջեի միջոցներից իրականացվել է ընդհանուր շուրջ 208,000,000 ՀՀ դրամ անարդյունավետ ծախս՝ այդ թվում.
Նախարարության կողմից տեխնիկական բնութագրերը թերի են նկարագրվել, որոշ ապրանքների գներն ուռճացվել են, ինչպես նաև ապրանքների հանձնման-ընդունման գործընթացն իրականացնելիս Նախարարության աշխատակիցների կողմից որևէ համադրություն չի իրականացվել պայմանագրով նախատեսված տեխնիկական բնութագրերի և փաստացի ստացված ապրանքների որակների միջև, որոնց արդյունքում պետական բյուջեի միջոցներից, Ծառայության գնահատմամբ, անարդյունավետ ծախս է իրականացվել ընդհանուր շուրջ 51,000,000 ՀՀ դրամ,
ուսումնասիրությամբ պարզվել է, որ Նախարարության և Կոմիտեի միջև պատշաճ մակարդակի փոխգործակցություն չի իրականացվել, որի արդյունքում կառուցվող օբյեկտների համար անհրաժեշտ ուսումնամարզական գույքի ձեռք բերումն իրականացվել է դրանց շինարարության ավարտից զգալիորեն ավելի վաղ շրջանում, որի հետևանքով գույքը տեղափոխվել է պահպանման համար ոչ պիտանի տարածքներ, իսկ ապրանքները փաստացի օգտագործվել են երաշխիքային 1 տարի ժամկետի վերջին ամիսներին, կամ ավարտից հետո: Վերոնշյալ դպրոցների համար երկու գերատեսչությունների կողմից իրականացվել է շուրջ 742,000 ՀՀ դրամի սահմաններում միևնույն ապրանքների կրկնակի ձեռքբերում: Գերատեսչությունների միջև ոչ արդյունավետ փոխգործակցության մասին է վկայում նաև այն հանգամանքը, որ կառուցվող 2 միջնակարգ դպրոցներից մեկի դեպքում նախատեսվել է 7, իսկ մյուսի դեպքում՝ 9 դասասենյակներ, այն պարագայում, երբ նմանատիպ պայմաններում հնարավոր չի լինի միաժամանակ լիարժեք իրականացնել 1-ից 12-րդ դասարանների կրթական ծրագրերը.
-Նախարարության պաշտոնատար անձանց կողմից վերոնշյալ օբյեկտների համար ձեռք բերված գույքի հանձնման-ընդունման արձանագրությունները/ եզրակացությունները փաստացի ստորագրվել են առանց մատակարարված ապրանքների տեխնիկական բնութագրի համապատասխանության գնահատման.
-Կոմիտեի կողմից տվյալ 5 օբյեկտների գծով կնքված շինարարական աշխատանքների և նախագծային ծառայությունների մատուցման պայմանագրերի շրջանակներում՝ աշխատանքների կատարման և ծառայությունների ճշգրտության ուսումնասիրությամբ արձանագրվել են շուրջ 115,000,000 ՀՀ դրամի տարաբնույթ առերևույթ խախտումներ: Հարկ է նշել, որ շինարարական աշխատանքների ընթացքում թույլ տրված մի շարք թերություններ արդեն իսկ վերացվել են ուսումնասիրության ընթացքում, կամ ավարտից հետո.
-Ծառայության ուսումնասիրությամբ՝ ոչ արդյունավետ է գնահատվել Կոմիտեի կողմից նշված 5 օբյեկտների շինմոնտաժային աշխատանքների նախահաշվային արժեքի նկատմամբ 4%-ի հաշվարկով որակի տեխնիկական հսկողության խորհրդատվական ծառայության ձեռքբերման շուրջ 41,000,000 ՀՀ դրամի ծախսը՝ այն պարագայում, երբ շինարարական աշխատանքներն իրականացվել են անորակ և բազմաթիվ ծավալային հավելագրումներով.
-փաստաթղթային ուսումնասիրությամբ, ինչպես նաև տվյալ 5 օբյեկտներում իրականացված չափագրման և տեղազննության արդյունքներով արձանագրված տարաբնույթ խախտումները հիմք են տալիս եզրակացնելու, որ Կոմիտեի կողմից հսկողական գործառույթներն իրականացվել են ոչ լիարժեք և թերի:
Հարկ է փաստել, որ ուսումնասիրությունների արդյունքում արձանագրված խախտումների պատճառ հանդիսացած հնարավոր համակարգային խնդիրները և ոլորտում առկա բացթողումները պարզելու և հետագայում դրանց կրկնությունը բացառելու, ինչպես նաև համապատասխան առաջարկություններ ներկայացնելու նպատակով՝ Ծառայության կողմից քննարկումներ են կազմակերպվել կառուցապատող կապալառու կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Հիշյալ քննարկումների շրջանակներում վեր են հանվել հիմնական խնդիրները և ենթադրյալ բացթողումները, որոնց արդյունքներով Ծառայության կողմից ներկայացվել են համապատասխան առաջարկություններ:
Նշենք, որ վերոգրյալ խախտումների վերացման, խնդիրների համակարգային լուծման նպատակով Ծառայության կողմից Վարչապետին են ներկայացվել ընթացակարգային և կառավարչական բնույթի մի շարք առաջարկություններ՝ հանձնարարել լիազոր մարմիններին խստացնելու վերահսկողությունը տվյալ գործընթացների նկատմամբ, լավարկելու և կատարելագործելու ծրագրերի իրականացման հաշվետվողականության մեխանիզմները, ինչպես նաև մշակելու լիազոր մարմինների միջև արդյունավետ համագործակցության համապատասխան ձևաչափեր և ապահովելու վերջիններիս պատշաճ կիրառությունը: Միևնույն ժամանակ, առաջարկվել է հանձնարարել համապատասխան լիազոր մարմիններին իրականացնել քննարկումներ և միջոցներ ձեռնարկել՝ կանխարգելելու համար նմանատիպ բացթողումների և խախտումների` ապագայում կրկնվելու հավանականությունը:
ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը հետևողականորեն իրականացրել և շարունակում է իրականացնել իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում ստուգումներ՝ բացահայտելու և բացառելու պետական միջոցների անարդյունավետ կառավարումը, ինչպես նաև ՀՀ օրենսդրության հնարավոր խախտումները՝ ապահովելով Վարչապետի հսկողական լիազորությունների իրականացումը»,- ասված է ՊՎԾ-ի տարածած հաղորդագրության մեջ: