Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները․ մանրամասներ
Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին 2024 թ. ապրիլի 19-ին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի ութերորդ հանդիպումը՝ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ԱՀ փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի նախագահությամբ: Այս մասին հաղորդագրություն է տարածել Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը։
Հանդիպման արդյունքում Հանձնաժողովները պայմանավորվել են ներքոնշյալի շուրջ.
Սահմանազատման գործընթացի սկզբնական փուլում Կողմերը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները, անմիջականորեն Բաղանիս (ՀՀ) – Բաղանիս Այրում (ԱՀ), Ոսկեպար (ՀՀ) – Աշաղը Ասկիպարա (ԱՀ), Կիրանց (ՀՀ) – Խեյրումլի (ԱՀ) և Բերքաբեր (ՀՀ) – Կըզըլ Հաջիլի (ԱՀ) բնակավայրերի միջև՝ Խորհրդային Միության փլուզման պահի դրությամբ գոյություն ունեցող իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանին համապատասխանեցնելու նպատակով:
Որոշել են, որ սահմանագծի տվյալ հատվածների նկարագրությունը կազմվելու է՝ հաշվի առնելով տեղանքում գեոդեզիական չափումների արդյունքում կատարված կոորդինատների հստակեցումը, որը կձևակերպվի համապատասխան Արձանագրություն-նկարագրությամբ, ինչը պետք է համաձայնեցվի ու ստորագրվի Կողմերի միջև մինչև 2024 թ. մայիսի 15-ը:
Համաձայնել են, որ Կողմերը կդիմեն իրենց Կառավարություններին՝ սահմանագծի համաձայնեցված հատվածներում իրենց սահմանապահ ծառայությունների միաժամանակյա և զուգահեռ տեղակայման համար միջոցներ ձեռնարկելու նպատակով: Համաձայնել են նաև, որ մինչև սահմանազատման գործընթացի ամբողջական ավարտը, Արձանագրություն-նկարագրությունում նշված համաձայնեցված սահմանագծի հատվածները կհամարվեն սահմանազատված:
Զուգահեռաբար պայմանավորվածություն են ձեռք բերել ավարտին հասցնել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին կանոնակարգի նախագծի համաձայնեցման շուրջ աշխատանքները մինչև 2024 թ. հուլիսի 1-ը և մեկնարկել դրա ներպետական համաձայնեցման ու հաստատման գործընթացը՝ Կողմերի՝ պետությունների օրենսդրությամբ սահմանված կարգով և պահանջների համաձայն:
Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել, որ սահմանազատման գործընթացում կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով: Կողմերը պայմանավորվել են նաև տվյալ հիմնարար սկզբունքն ամրագրել Կանոնակարգի նախագծում (եթե հետագայում ՀՀ և ԱՀ միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին Համաձայնագրով կնախատեսվեն այլ կարգավորումներ, ապա կանոնակարգի համապատասխան դրույթները կհամապատասխանեցվեն տվյալ Համաձայնագրով սահմանված սկզբունքներին):
Պայմանավորվել են, Կողմերի կողմից Կանոնակարգի հաստատումից հետո, համաձայնեցնել հերթականությունը և շարունակել սահմանի բոլոր մնացած հատվածների սահմանազատման գործընթացը՝ ներառյալ անկլավների և էքսկլավների հետ կապված հարցերով:
Հանդիպման արդյունքում ստորագրվել է արձանագրություն: Կողմերը պայմանավորվել են աշխատանքային կարգով համաձայնեցնել հաջորդ հանդիպման անցկացման ամսաթիվն ու վայրը: