Կարևորվել է ՀՀ-ի և Չինաստանի միջև առևտրատնտեսական կապերի ամրապնդումը
ՀՀ Էկոնոմիկայի նախարար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության փոխնախագահ Գևորգ Պապոյանը, Վարչության անդամ Արմեն Փամբուխչյանը, արտաքին կապերի պատասխանատու Նարեկ Մկրտչյանը, Վերահսկող հանձնաժողովի անդամներ Ալխաս Ղազարյանը և Լևոն Լևոնյանը հանդիպել են Չինաստանի Կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի միջազգային վարչության փոխնախարար Չեն Ժունի գլխավորած պատվիրակությանը, որը Հայաստան է այցելել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հրավերով։
Հանդիպման ժամանակ քննարկվել են երկու կուսակցությունների միջև համագործակցության շուրջ դեռ 2023 թվականին Պեկինում ՔՊ պատվիրակության այցի շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածությունները և դրանց իրագործմանն ուղղված քայլերը։ Չինական կողմը, կարևորելով ՀՀ-ի և Չինաստանի միջև առևտրատնտեսական կապերի ամրապնդումը, իր պատրաստակամությունն է հայտնել աջակցել դրանց խորացմանը։
Պայմանավորվածություններ են ձեռք բերվել կուսակցությունների միջև համագործակցության հուշագրի վրա աշխատանքը շարունակելու, շարունակական փոխադարձ այցերի, Կուսակցությունների երիտասարդական կազմակերպությունների միջև համագործակցություն ծավալելու, ինչպես նաև Չինաստանում «Խաղաղության խաչմերուկ» նախագծի մասին համատեղ աշխատաժողով կազմակերպելու շուրջ։