Իրանում պայթյուններ են լսվել․ ԶԼՄ-ները հայտնում են Իսրայելի հարձակման մասին
Իրանի տարածքում վաղ առավոտյան պայթյուններ են լսվել։ ԱՄՆ պաշտոնյաներից մեկը CNN-ին հայտնել է, որ Իսրայելն ավիահարվածներ է հասցրել Իրանին։ Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը։
ԱՄՆ բարձրաստիճան աղբյուրը CNN-ին նաև հայտնել է, որ Իսրայելը Վաշինգտոնին տեղեկացրել է` առաջիկա օրերին պատրաստվում է պատասխան հարված հասցնել Իրանին, սակայն ԱՄՆ-ն չի աջակցել դրան։
Իրանական Mehr գործակալությունը հայտնում է, որ առավոտյան մոտավորապես ժամը 4:00-ին Սպահանի նահանգի հյուսիսային և արևելյան հատվածներում պայթյուններ են լսվել, որն, ամենայն հավանականությամբ, հակաօդային պաշտպանության միջոցների ձայնն է եղել։ Վնասների մասին տեղեկություն չկա։ Գործակալությունը, սակայն, չի հստակեցնում՝ արդյոք դա եղել է հարձակում Իսրայելի կողմից։
Այս պայթյուններից ժամեր առաջ Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը CNN-ին հայտնել էր, որ եթե Իսրայելն Իրանի դեմ ռազմական գործողություն ձեռնարկի, ապա պատասխանը կլինի «անհապաղ և առավելագույն մակարդակի»։
Իսկ ապրիլի 18-ին Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել էր, որ երկիրն իր «սեփական որոշումները կկայացնի»՝ ի պատասխան շաբաթ և կիրակի օրերին Իրանի կողմից իրականացված ավիահարվածների, որոնց ընթացքում Թեհրանն Իսրայելի տարածքի ուղղությամբ արձակել էր շուրջ 300 հրթիռ և անօդաչու թռչող սարք։ Դրանց մեծ մասը խոցվել էր իսրայելական ՀՕՊ համակարգերի կողմից։
Իրանն այդ հարվածն իրականացրել էր՝ ի պատասխան Դամասկոսում Իրանի հյուպատոսարանի վրա հարձակման, որի մեջ Թեհրանը մեղադրում է Իսրայելին։ Այդ հարձակման հետևանքով զոհվել էր 13 մարդ, այդ թվում՝ իրանցի բարձրաստիճան գեներալներ։