Հարավային Կորեան 200 մլն դոլարի մարդասիրական օգնություն կտրամադրի Ուկրաինային
Հարավային Կորեան այս տարի 200 միլիոն դոլարի չափով մարդասիրական օգնություն կհատկացնի Ուկրաինային՝ խոստացված 2,3 միլիարդ դոլարի օգնության փաթեթի շրջանակներում: Այս մասին հաղորդում է Yonhap գործակալությունը՝ վկայակոչելով երկրի ֆինանսների նախարարին։
Նախարարն այս մասին հայտարարել է Վաշինգտոնում Ուկրաինայի հարցով անցկացված քննարկման ժամանակ։
Հարավային Կորեայի կառավարությունը պլանավորում է այս տարի նախնական 200 միլիոն դոլար հատկացնել հումանիտար օգնության տեսքով՝ Ուկրաինայի անհետաձգելի կարիքները հոգալու համար, իսկ մնացած 2,1 միլիարդ դոլարը 2025 թվականից կտրամադրվի երկարաժամկետ փոխառությունների տեսքով` ցածր տոկոսադրույքով` Տնտեսական զարգացման համագործակցության հիմնադրամի (EDCF) միջոցով:
Նշվում է, որ Հարավային Կորեան նաև 50-ական մլն դոլար կնվիրաբերի Համաշխարհային բանկին և Վերակառուցման ու զարգացման եվրոպական բանկին՝ Ուկրաինային օգնություն ցուցաբերելու նրանց նախագծերի համար։
Հարավային Կորեայի նախագահ Յուն Սոկ Յոլը 2023 թ. սեպտեմբերին Նյու Դելիում G20-ի գագաթնաժողովի ժամանակ խոստացել էր 2,3 միլիարդ դոլարի չափով լրացուցիչ օգնություն տրամադրել Ուկրաինային։