ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել Ոստիկանության ոլորտի բարեփոխումները
Հրապարակվել է Եվրոպայի խորհրդի կոռուպցիայի դեմ պայքարի պետությունների խմբի (ԳՐԵԿՈ) 96-րդ լիագումար նիստի շրջանակներում մարտի 22-ին հաստատված՝ Հայաստանի վերաբերյալ ԳՐԵԿՈ-ի գնահատման 5-րդ փուլի զեկույցը։ Այս շրջափուլում զեկույցով գնահատվում է Հայաստանի Հանրապետության բարձրաստիճան պաշտոնատար անձանց և իրավապահ համակարգի պաշտոնյաների, մասնավորապես՝ Ոստիկանության շրջանում կոռուպցիայի կանխարգելման համար գործող շրջանակի արդյունավետությունը։
«Իրավապահ համակարգում զեկույցի ուշադրության առանցքը ՆԳՆ ոստիկանությունն է՝ որպես հանցավորության դեմ պայքարի, հասարակական կարգի և անվտանգության պահպանման մասով Կառավարության քաղաքականությունն իրականացնող առաջնային իրավապահ մարմին:
Այս համատեքստում ԳՐԵԿՈ գնահատման թիմը բարձր է գնահատել ոլորտային բարեփոխումների իրականացումը ու դրանց շրջանակներում հատկապես Ներքին գործերի նախարարության ստեղծումը, ինչպես նաև Ոստիկանությունում համակարգային բարեփոխումների նկատմամբ հետևողական մոտեցումը։
Զեկույցի շրջանակներում ԳՐԵԿՈ գնահատման թիմը ներկայացրել է նաև հանձնարարականներ։ Հանձնարարականների շրջանակում, ի թիվս այլնի, առաջարկվում է ձեռնարկել լրացուցիչ միջոցառումներ՝ ուժեղացնելու Ոստիկանությունում կանանց ներկայացվածությունը բոլոր մակարդակներում, այդ թվում՝ բարձր ղեկավար պաշտոններում, ընդունել հակակոռուպցիոն համալիր գործողությունների ծրագիր, Ոստիկանության ծառայողների վարքագծի կանոնագիրք, ինչպես նաև ամրապնդել բարեվարքության ապահովման մեխանիզմները։
Նշյալ հանձնարարականները ենթակա են Կառավարության կողմից կատարման, և հաշվետու ժամանակահատվածում գրանցված արդյունքները պետք է ներկայացվեն ԳՐԵԿՈ-ին 2025 թ. սեպտեմբերին։
Հարկ է ընդգծել, որ Նախարարությունն արդեն իսկ ձեռնամուխ է եղել ներկայացված հանձնարարականների իրագործմանը միջազգային գործընկերների հետ սերտ համագործակցությամբ»,-նշված է ՆԳՆ հաղորդագրության մեջ։