Բայդենն աջակցել է Ուկրաինային և Իսրայելին նախատեսված օգնության օրինագծերին
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը աջակցել է Ուկրաինայի, Իսրայելի և Թայվանի օգնության առանձին նոր օրինագծերին, որոնք առաջարկել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Մայք Ջոնսոնը։ Կիևին օգնության նոր փաթեթը, մասնավորապես, նախատեսում է Ուկրաինային մոտ 61 մլրդ դոլարի հատկացում, հեռահար ATACMS հրթիռների փոխանցում, ինչպես նաև անցում վարկային համակարգին։
Իսրայելին օգնելու համար առաջարկվում է հատկացնել 26 մլրդ դոլար, իսկ Թայվանին՝ 8 մլրդ: ԱՄՆ նախագահը հիշեցրել է, որ Իսրայելը բախվում է Իրանի կողմից աննախադեպ հարձակումներին, իսկ Ուկրաինան ենթարկվում է Ռուսաստանի կողմից անդադար ռմբակոծությունների, որոնց ինտենսիվությունը կտրուկ աճել է վերջին մեկ ամսվա ընթացքում։ Նա կոչ է արել Կոնգրեսի երկու պալատներին՝ հնարավորինս շուտ ընդունել նոր օրինագծերը, և հայտնել է դրանք շատ արագ ստորագրելու իր պատրաստակամության մասին: