2 տղամարդու կողմից 13-ամյա աղջկա նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Երկու տղամարդու կողմից 13-ամյա աղջկա նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։
«Արմենպրես»-ին այս մասին հայտնեց ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը՝ տեղեկացնելով, որ քրեական վարույթ է նախաձեռնվել ՀՀ քրեական օրենսգրքի 198-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով։
«Նախաքննության ընթացքում ձեռք բերված փաստերի հիման վրա երկու տղամարդու մեղադրանք է ներկայացվել և նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը։ Նախաքննությունը շարունակվում է»,- ասաց Աբրահամյանը։
ՆԳՆ հանրային հաղորդակցության և իրազեկման վարչությունից էլ նշեցին, որ ապրիլի 11-ին ոստիկանության Վարդենիսի բաժնում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Սոթք և Ակունք գյուղերի բնակիչներ հանդիսացող 2 տղամարդ սեքսուալ բնույթի գործողություններ են կատարել 2011թ ծնված մի աղջկա նկատմամբ:
«Կատարված ստուգողական գործողությունների և ձեռնարկված միջոցառումների ընթացքում՝ հանցանքը կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով, տղամարդիկ ձերբակալվել և տեղափոխվել են բաժին, որտեղ վերջիններս խոստովանել են կատարվածը և կից փաստաթղթերի հետ ներկայացվել քննչական բաժին»,- ասացին ՆԳՆ հանրային հաղորդակցության և իրազեկման վարչությունից։