Պատրաստ ենք աջակցել ՀՀ-ին ԵՄ-ի հետ հարաբերությունների սերտացման, Հարավային Կովկասում խաղաղության հաստատման հարցում. Լիտվայի վարչապետը՝ Ալեն Սիմոնյանին
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությանն ապրիլի 18-ին Վիլնյուսում ընդունել է Լիտվայի Հանրապետության վարչապետ Ինգրիդա Շիմոնիտեն:
ԼՀ վարչապետը բարձր է գնահատել Լիտվայի և Հայաստանի միջև հարաբերությունները՝ ողջունելով Հայաստանի Հանրապետության ժողովրդավարական բարեփոխումները:
Ալեն Սիմոնյանը շնորհակալություն է հայտնել Լիտվային ՀՀ-ում ինստիտուցիոնալ բարեփոխումներին շարունակական աջակցության և բարձր մակարդակի քաղաքական երկխոսության համար:
Կողմերը քննարկել են անվտանգային և տնտեսական իրավիճակն Արևելյան Եվրոպայում և Հարավային Կովկասում:
ԱԺ նախագահը վերահաստատել է Հայաստանի Հանրապետության պատրաստակամությունը Հարավային Կովկասում հարատև խաղաղություն հաստատելու գործում՝ ընդգծելով «Խաղաղության խաչմերուկ» նախագծի իրականացման անհրաժեշտությունը:
Զրույցի առանցքում են եղել Հայաստան-ԵՄ առևտրատնտեսական և էներգետիկ համագործակցության հեռանկարները, ՀՀ քաղաքացիների համար ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացումը, հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը և Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների վերադարձի հրամայականը:
Ինգրիդա Շիմոնիտեն շեշտել է, որ Լիտվան պատրաստ է աջակցել Հայաստանին ԵՄ-ի հետ հարաբերությունների սերտացման և Հարավային Կովկասում խաղաղության հաստատման հարցում: