Վերանայվել է տնօրենների նշանակման կարգը, վարչատնտեսական կառավարման մասով հաստիք կառանձնացվի
Վերանայվել է դպրոցների տնօրենների նշանակման կարգը. այժմ գործում է նշանակման եռափուլ գործընթաց: Վարչատնտեսական կառավարման մասով առանձնացվել է առանձին համակարգողների հաստիքը, և այժմ քննարկվում է վարչատնտեսական գործառույթները պատվիրակված իրականացնելու հնարավորությունը: Գնումների գործընթացը պատվիրակված իրականացնելու հնարավորությունը քննարկվել է ֆինանսների նախարարության հետ: Այդ մասին Կառավարության՝ ապրիլի 18-ի նիստին տեղեկացրեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ ներկայացնելով «ՀՀ կառավարության 2002 թվականի հուլիսի 25-ի N 1392-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» որոշման նախագիծը:
«Որպեսզի որևէ մեկը հավակնի տնօրենի հաստիքին, անցնում է հավաստագրման գործընթաց, այսինքն՝ թեստավորում, որը հիմնականում օրենսդրության իմացություն է ստուգում: Հավաստագիր ունեցող անձինք հիմնականում դիմում են տնօրենի թափուր տեղի մրցույթին՝ ներկայացնելով զարգացման ծրագիր: Զարգացման ծրագիրը փորձաքննվում է մրցույթով ընտրված երկու անկախ կազմակերպությունների կողմից, և զարգացման ծրագրի փորձաքննության արդյունքում դրական շեմը հաղթահարած, ծրագրեր ներկայացրած հավակնորդներն արդեն գալիս են հարցազրույցի, որն իրականացվում է նախարարությունում լիազոր մարմնի հետ համատեղ»,- ասաց նախարարը:
Ժաննա Անդրեասյանը տեղեկացրեց, որ միջինում մոտ 15 տոկոսն է, որ դրական շեմը հաղթահարում է զարգացման ծրագիր ներկայացնելու փուլում, այսինքն՝ շուրջ 85 տոկոսը դրական գնահատական չի ստանում, և այս 15 տոկոսից էլ շուրջ 60 տոկոսն էլ չի հաղթահարում հարցազրույցի փուլը, ինչն ըստ նախարարի նշանակում է՝ կարողությունների զարգացման լուրջ խնդիր կա:
Արձաքանգելով որոշման նախագծին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ հաճախ դպրոցներում խնդիրներ են ծագում, որոնք տեղում պետք է լուծել գրություններ գրելու փոխարեն:
«Դպրոցների կառավարման և՛ տնօրենների, և՛ վարչատնտեսական մասի ղեկավարների կառավարչական հմտություններ, մարտավարական և ռազմավարական պատկերացումներ ունենալը շատ կարևոր բան է»,- ասաց Փաշինյանը:
Որոշման նախագծով առաջարկվող կարևոր փոփոխություններից է նաև այն, որ կանոնադրության փոփոխություններով ամրագրվում է կրթահամալիրների՝ համայնքային կենտրոններ լինելու գաղափարը:
«Այժմ կանոնադրությամբ հաստատության խորհրդին են վերապահվում վերահսկողական գործառույթներ՝ հետևելու կրթահամալիրների՝ որպես համայնքային զարգացման կենտրոն գործելու հանգամանքին, մասնավորապես, պետք է հաստատվի մարզադահլիճների և հանդիսությունների սրահի միջոցառումների և մրցումների տարեկան պլանը: Պետք է ապահովվի, որպեսզի այստեղ մենք իրականացնենք նախադպրոցական, դպրոցական կրթություն, ոչ ֆորմալ կրթություն, մարզաձևերով զբաղվելու հնարավորություն, մեծահասակների կրթություն և համայնքին ու բնակիչներին լիարժեք տրամադրելու, ըստ անհրաժեշտության՝ տարբեր կրթական ծրագրեր իրականացնելու հնարավորություն»,- ասաց նախարարը:
Առանձին կհաստատվի նաև հատուկ դպրոց ռեսուրս-կենտրոնների կանոնադրությունը:
«Մենք մեր հատուկ դպրոցները, որոնք դեռևս գործում են, նպատակ ունենք վերածել ռեսուրս-կենտրոնների, որով նրանք ոչ թե երեխաների կրթություն կիրականացնեն առավելապես, այլ կտրամադրեն մասնագիտական ծառայություններ և աջակցություն մեր հանրակրթական դպրոցներում կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող և այդ դպրոցներում իրենց կրթությունը ստացող երեխաների համար, ինչպես նաև կվերապատրաստեն համապատասխան մասնագետներին»,- ասաց նա: