36 կգ քաշով ոսկյա ձուլակտորների և 293 միլիոն ռուբլու հափշտակության վարույթով քրեական հետապնդում է հարուցվել 12 անձի նկատմամբ, նրանցից 5-ը կալանավորվել են
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում իրականացված քննչական և վարութային մեծածավալ գործողությունների, Ոստիկանության աշխատակիցների կողմից կատարված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են Արմավիրի մարզում զինված հարձակմամբ առանձնապես խոշոր չափերով գույքի հափշտակության դեպքի մի շարք հանգամանքներ։
Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ Ա․Ս․–ն, մի խումբ անձանց հետ, մասնակցել է զենքի գործադրմամբ հարձակմամբ առանձնապես ծանր հանցագործություն կատարելու նպատակով ստեղծված հանցավոր կազմակերպությանը։ Վերջինիս կազմում Ա․Ս․-ն քննությամբ դեռևս չպարզված աղբյուրից նախապես տեղեկացել է ՌԴ–ում բնակվող անձին պատկանող առանձնապես խոշոր չափի՝ 1.024.000.000 ՀՀ դրամ արժողությամբ 36 կգ քաշով 999 հարգի ոսկյա ձուլակտորները և 1.216.000.000 ՀՀ դրամին համարժեք 293.000.000 ՌԴ ռուբլի գումարը մեկ այլ անձի՝ Դ․Ի–ի կողմից 2024թ․ ապրիլի 10-ին ՌԴ–ից «Զվարթնոց» օդանավակայանով ՀՀ տեղափոխելու մտադրության մասին։ Հանցավոր կազմակերպության մի շարք անդամների հետ, նշված գույքը զենքի գործադրմամբ բռնություն գործադրելով հափշտակելու նպատակով նախապես պլանավորել և հստակ դերաբաշխել են հանցավոր կազմակերպության անդամներից յուրաքանչյուրի գործողությունները:
Հանցավոր մտադրությունն իրագործելու, մասնակիցների հնարավոր շարժը քողարկելու և չբացահայտվելու նպատակով Ա․Ս․–ն և հանցավոր կազմակերպության մյուս անդամները 2024թ․ ապրիլի 10-ին Երևան քաղաքի փողոցներից մեկում կայանված «Պորշ» մակնիշի ավտոմեքենայի վրայից հափշտակել են պետհամարանիշները, այն ամրացրել են իրենց կողմից շահագործվող «Պորշ» մակնիշի ավտոմեքենայի վրա և ընթացել «Զվարթնոց» օդանավակայանի ուղղությամբ՝ դարանակալելով Արմավիրի մարզի Փարաքար համայնքի խաչմերուկներից մեկում:
Դ․Ի․–ի՝ ՀՀ ժամանելու փաստը հաստատելու և փաստաթղթային ստուգումներն ավարտելու մասին հանցակիցներին տեղեկատվություն տրամադրելու նպատակով կազմակերպության անդամներից մեկը, նույն օրը՝ ժամը 07։03-ից մինչև 07։13–ն ընկած ժամանակահատվածում գտնվել է «Զվարթնոց» օդանավակայանի ժամանման սրահում։ Տեղեկանալով օդանավի վայրէջք կատարելու ժամի մասին և օդանավակայանից «Հունդայի Սոնատա» մակնիշի ավտոմեքենայով դեպի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի «Կարգո» բեռնային համալիրի ուղղությամբ Դ․Ի–ի ընթանալու մասին, տեղեկացրել է հանցակիցներին։
Վերջիններս «Պորշ» մակնիշի ավտոմեքենայով հետապնդել են «Հունդայի Սոնատա» մակնիշի ավտոմեքենային և ժամը 07:15-ից մինչև 07:20-ն ընկած ժամանակահատվածում Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Մայրաքաղաքային փողոցի դիմաց արհեստական խոչընդոտ ստեղծելով՝ դիմացի աջ դռան պատուհանից զենքի գործադրման սպառնալիքով, կանգնեցրել են նշված ավտոմեքենան: Կանգնեցնելուց հետո ենթադրյալ հանցագործությունը կատարած անձինք, ԱԱԾ աշխատակիցների համազգեստին նմանվող համազգեստով և դիմակավորված, դուրս գալով ավտոմեքենայից՝ ներկայացել են իբրև ՀՀ ԱԱԾ աշխատակիցներ և ավտոմեքենայում գտնվող 3 անձի նկատմամբ զենքի գործադրմամբ բռնություն գործադրելով, նրանց դուրս են բերել ավտոմեքենայից, թմրամիջոց ու այլ արգելված իրեր փնտրելու և նրանց ձերբակալելու պատրվակով անցկացրել են ձեռնաշղթաներ, ապա՝ ավտոմեքենայից հափշտակելով առանձնապես խոշոր չափի՝ 36 կգ քաշով 999 հարգի ոսկյա ձուլակտորների և 293.000.000 ՌԴ ռուբլի գումարի պարունակությամբ պայուսակները, հիշյալ անձանց նկատմամբ բռնություն գործադրելով, նստեցրել են նույն ավտոմեքենան, դիմացի դռնից արցունքաբեր գազ փչելով ավտոմեքենայի մեջ՝ «Պորշ» մակնիշի ավտոմեքենայով դիմել են փախուստի:
Այնուհետև հանցավոր կազմակերպության անդամները գնացել են Արմավիրի մարզի գյուղերից մեկում գտնվող հանքի տարածք, ավտոմեքենայով բարձրացել են բլուրների մոտ, որտեղ «Պորշ» մակնիշի ավտոմեքենան թաքցնելու նպատակով, այն կայանել են բլրի մեջ տեխնիկայի միջոցով նախապես իրենց հրահանգով փորված անցքի մեջ և նույն տեխնիկայով ավտոմեքենան ամբողջությամբ ծածկել են հողով՝ քողարկելով այն։ Այդ ընթացքում հանցավոր կազմակերպության մասնակիցներից մեկը, հանցագործության բացահայտմանը խոչընդոտելու նպատակով, անջատել է տարածքը տեսանկարահանող սարքերի տեսաձայնագրությունների հիշողության կրիչի պարունակությամբ սարքը: Այնուհետև հանցավոր կազմակերպության անդամները հանքի տարածքում գտնվող տարբեր ավտոմեքենաներով դիմել են փախուստի։
Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա Ա․Ս․–ին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 319-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, 252-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով, 456-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով: Քրեական վարույթի շրջանակներում քրեական հետապնդում է հարուցվել ընդհանուր 12 անձի նկատմամբ, որոնցից 5–ի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել կալանավորումը, 3-ի նկատմամբ՝ այլ խափանման միջոցներ, 4 անձի ձերբակալելու որոշում է կայացվել և Ոստիկանությանը տրվել է նրանց հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու հանձնարարություն։
Նախաքննության ընթացքում կատարված մի շարք խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել է գողոնի մի մասը։
Քրեական վարույթով նախաքննությունը շարունակվում է։
Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: