Տնային կալանք ու 7 մլն դրամ գրավ․ դատարանը որոշեց Սամվել Վարդանյանի խափանման միջոցը
ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանին իր դիրքորոշումը հայտնելու համար խոշտանգված ու ձերբակալված Սամվել Վարդանյանի նկատմամբ դատարանը որոշել է կիրառել տնային կալանք ու 7 միլիոն դրամ գրավ։
Այդ մասին հայտնեց փաստաբան Ռուբեն Մելիքյանը։
Հիշեցնենք՝ երեկ փաստաբանները մանրամասներ հայտնեցին, թե ինչպես են ոստիկանների թողտվության, միտումնավոր բացակայության պայմաններում դիմակավորված անձինք խոշտանգման ենթարկել ՀՀ քաղաքացի Սամվել Վարդանյանին․ նրան ծնկի են բերել, գլուխը խփել են գետնին, հարվածներ տեղացել, հայհոյել, թքել, արժանապատվությունը նվաստացնող գործողությունների դիմել։ Տեղի ունեցածը փաստաբանները որակում են քաղաքական իշխանությունների ուղիղ հրահանգով արված բռնարարք։
Այսօր դատարանը քննում էր խոշտանգված քաղաքացու նկատմամբ խափանման միջոց կիրառելու հարցը։ Փաստաբանները դատական նիստից հետո հրապարակեցին նաև լուսանկար, որն ակնհայտորեն ապացուցում է Վարդանյանի նկատմամբ խոշտանգումների փաստը։
Նշենք, որ լուսանկարում Սամվել Վարդանյանի տաբատին` ծնկների հատվածում, կանաչ խոտի հետքերն են, որոնք մինչև ձերբակալվածների պահման վայր տանելը չեն եղել: Հետքերը խոշտանգման ժամանակ Սամվելին ծնկի բերելու արդյունքում են առաջացել: Լուսանկարը ներկայացվել է նաև դատարանին: