Սանահինցիները «կանկախանան». «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանական թիմում իրենց վարկանիշը բարձրացնելու, ժողովրդի աչքը մտնելու համար պատրաստ են անգամ հետողորմյա անել սեփական որոշումները եւ ընդդիմության նախաձեռնություններն իրենց վրա քաշել։ Կառավարությունը խորհրդարան է ուղարկել «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխությունների նախագիծ, որով առաջարկվում է Ալավերդի համայնքից առանձնացնել Սանահին բնակավայրը։
Բանն այն է, որ դեռեւս մեկ տարի առաջ, երբ համայնքի ղեկավարն ընդդիմադիր, «Ապրելու երկիրը» ներկայացնող Արկադի Թամազյանն էր, սանահինցիները դիմել են Թամազյանին նման առաջարկով. առաջարկը մտել է օրակարգ, ներկայացվել է պատկան գերատեսչություն, սակայն կառավարությունն առաջարկն օրակարգ չի մտցրել, ու հարցը մնացել է օդում կախված։
Սանահինցիների «անկախանալու» ցանկությունը պայմանավորված է նրանով, որ Սանահինն ինքնաբավ համայնք է, տարիներ առաջ այն գյուղ է եղել՝ իր բոլոր կոմունիկացիաներով, իսկ Ալավերդի համայնքին միավորվելով՝ ավելի բարդացել է համայնքի բնակիչների կյանքը, մի թուղթ ստորագրելու համար պարտավոր են հասնել կենտրոն։ Հիմա, երբ ՔՊ-ն զավթել է Ալավերդին, իշխանությունները որոշել են բավարարել սանահինցիների պահանջը՝ լավ գործը վերագրելով իրենց, հատկապես որ Սանահինում, որոշ տեղեկություններով, ՔՊ-ի դիրքերն այնքան էլ պինդ չեն: Այսպիսով՝ առաջիկայում Սանահինը կդառնա առանձին բնակավայր»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում: