Ֆրանսիայում դատարանը առգրավել է Վլադիմիր Պուտինի նախկին կնոջ առանձնատունը
ՌԴ նախագահի նախկին կնոջ՝ Լյուդմիլա Պուտինայի այժմյան ամուսնու՝ ձեռնարկատեր Արթուր Օչերետնիի՝ Ֆրանսիայի վիլլան առգրավվել է:
Ըստ Challenges-ի՝ Բիարից քաղաքի մերձակա Բիսկայական ծոցի ափին գտնվող «Սյուզան» վիլլան առգրավվել է 2023 թվականի դեկտեմբերին՝ Transparency International-ի ֆրանսիական մասնաճյուղի բողոքից հետո: Իրավապաշտպանները պահանջել էին ստուգել միջոցների ծագումը, որոնցով ձեռք է բերվել վիլլան:
450 քառակուսի մետր մակերեսով՝ ութ ննջասենյակով, այժմ արդեն լքված վիլլան և հինգ հազար քառակուսի մետր մակերեսով կից տարածքը գնահատվում են 5,4 միլիոն եվրո։
Վիլլայի մասին առաջին անգամ հայտնի դարձավ 2017 թվականին, երբ Կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի հաղորդման նախագծի (OCCRP) լրագրողները հրապարակեցին Օչերետնիի ֆինանսների վերաբերյալ հետաքննությունը: Ըստ լրագրողների ուսումնասիրած փաստաթղթերի՝ վիլլան ձեռք է բերվել 2013 թվականի վերջին։
Վլադիմիր և Լյուդմիլա Պուտինները ամուսնալուծության մասին հայտարարեցին 2013-ին: Լյուդմիլա Պուտինայի երկրորդ ամուսնության մասին պաշտոնապես չի հաղորդվել, սակայն լրագրողները պարզել են, որ նա ամուսնացել է ամենաուշը 2016 թվականին: