Օտարերկրյա գործակալների մասին օրենքը Վրաստանին կհեռացնի ԵՄ-ից. Շառլ Միշել
Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը հայտարարել է, որ ապրիլի 17-ին Վրաստանի խորհրդարանի ընդունած Օտարերկրյա գործակալների մասին օրենքը չի համապատասխանում երկրի եվրոպական նկրտումներին:
«Վրաց ժողովուրդն ընտրել է եվրոպական ուղին, ի պատասխան Եվրոպական խորհուրդն անցյալ տարվա դեկտեմբերին թեկնածուի կարգավիճակ շնորհեց Վրաստանին: Թույլ տվեք հստակություն մտցնել. օրինագիծը չի համապատասխանում ԵՄ-ին անդամակցելու Վրաստանի ձգտումներին և Վրաստանին ոչ թե կմոտեցնի, այլ կհեռացնի Եվրամիությունից»,- նշված է X սոցիալական ցանցում Շառլ Միշելի գրառման մեջ:
Ավելի վաղ ԵՄ արտաքին քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հայտարարել էր, որ վրացական օրինագիծը «չի համապատասխանում ԵՄ նորմերին և արժեքներին» և կոչ էր արել «ձեռնպահ մնալ այն հաստատելուց»։
Ընդ որում, եվրոպական կառույցների ղեկավարները չեն պարզաբանում, թե ինչով է վրացական օրինագիծը սկզբունքորեն տարբերվում անցյալ տարեվերջին Եվրահանձնաժողովի առաջարկած՝ Արտասահմանյան ֆինանսավորմամբ կազմակերպությունների նկատմամբ վերահսկողության մասին օրինագծից։