Նիդերլանդները փակում է գազի իր խոշոր հանքավայրը
Նիդերլանդների Սենատը որոշել է ընդմիշտ փակել Գրոնինգենի գազային հանքավայրը։ Նախկինում երկրի կառավարությունը խոստացել էր Գրոնինգեն նահանգում չվերսկսել գազի արդյունահանումը երկրաշարժերի վտանգի պատճառով։
Եվրոպայի խոշորագույն գազի հանքավայրերից մեկի շահագործումը դադարեցվել է 2023 թվականի հոկտեմբերին, սակայն 11 հորատանցք բաց է մնացել «դաժան ձմռան» և «միջազգային անորոշ իրավիճակի պատճառով»՝ կապված Ուկրաինայի պատերազմի հետ։ Հոլանդական հասարակության շրջանում բուռն քննարկումներ է առաջացրել հանքավայրում գազի արդյունահանումը դադարեցնելու որոշումը, որն, ըստ Bloomberg-ի, կարող է ամբողջությամբ լրացնել գազի դեֆիցիտը Եվրամիությունում։
Հանքավայրը փակելու որոշումը կայացվել է գազի արդյունահանման հետևանքով տարածաշրջանում պարբերաբար տեղի ունեցող երկրաշարժերի պատճառով: 2013 թվականին հանքավայրից արդյունահանումը հասցվել էր գրեթե 54 միլիարդ խորանարդ մետրի, թեև մեկ տարի առաջ Գրոնինգենը տուժել էր տարածաշրջանի պատմության մեջ ամենաուժեղ երկրաշարժից:
2018 թվականին տեղի ունեցած մեկ այլ խոշոր երկրաշարժից հետո կառավարությունը որոշեց դադարեցնել արդյունահանումը: Ընդհանուր առմամբ, 1986 թվականից ի վեր Գրոնինգենում գազի արդյունահանումը մոտ 1600 երկրաշարժի պատճառ է դարձել։ Վնասվել են տասնյակ հազարավոր շենքեր, մոտ 100 հազար մարդ է տուժել, ասվում է խորհրդարանի զեկույցում։