Վահագն Խաչատուրյանն ընդունել է Սիրիայի արտակարգ և լիազոր դեսպան Նորա Արիսյանին
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը` Սիրիայի Արաբական Հանրապետության Անկախության օրվա կապակցությամբ ընդունել է Սիրիայի արտակարգ և լիազոր դեսպան Նորա Արիսյանին:
Ողջունելով հյուրին նախագահն ասել է.
«Ուրախ եմ ջերմ շնորհավորանքներս հղել Ձեզ և Սիրիայի բարեկամ ժողովրդին՝ Անկախության օրվա կապակցությամբ։ Խնդրում եմ իմ շնորհավորանքներն ու բարեմաղթանքները փոխանցել նաև Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադին:
Հայաստանը և Սիրիան կապված են միմյանց հետ քաղաքական, պատմական, մշակութային և միջանձնային խորը հարաբերություններով: Բարձր ենք գնահատում հայ-սիրիական դարավոր բարեկամական հարաբերությունները և մեծապես կարևորում տարբեր ոլորտներում համագործակցության զարգացումը»:
Շնորհակալություն հայտնելով ջերմ խոսքերի և բարեմաղթանքների համար դեսպան Նորա Արիսյանը նշել է, որ իր բոլոր կարողությունները ներդնում է Հայաստանի և Սիրիայի միջև բազմակողմանի համագործակցության շարունակական զարգացման գործում:
Հանդիպման ընթացքում դեսպանը նախագահին է ներկայացրել երկու երկրների միջև տնտեսության, մշակույթի, կրթության և այլ ոլորտներում համագործակցության լայն օրակարգին առնչվող մի շարք ծրագրեր ու նախաձեռնություններ:
Կողմերը վերահաստատել են Հայաստանի և Սիրիայի միջև բոլոր բնագավառներում առկա լիարժեք փոխըմբռնման և փոխգործակցության մթնոլորտում հնարավոր քայլերի իրականացման հանձնառությունը:
Զրույցի ընթացքում դեսպան Արիսյանը Սիրայի իշխանությունների անունից շնորհակալություն է հայտնել Հայաստանի ղեկավարությանը տարիներ շարունակ Սիրային ցուցաբերվող մարդասիրական և բազմաբնույթ աջակցության համար:
Հանդիպմանը մտքեր են փոխանակվել ընդհանուր տարածաշրջանային իրադրության և զարգացումների վերաբերյալ, և այս համատեքստում երկուստեք շեշտվել է համապարփակ ու կայուն խաղաղության հաստատման հրամայականը, ինչը տարածաշրջանի բոլոր երկրների զարգացման համար կարևոր նախապայման է: