45,000 դոլարով Volkswagen ID 6` Արարատի քաղաքապետին. մատակարարը Հովիկ Աղազարյանի որդին է
Արարատի քաղաքապետարանը 45,000 դոլարով ծառայողական մեքենա է ձեռք բերել համայնքապետ Ասլան Ավետիսյանի համար։ Ընդ որում, մեքենայի գնման տեխնիկական բնութագիրը գրվել է այնպես, որ անպայման ձեռք բերվի էլեկտրական Volkswagen ID 6 Crozz ամենագնաց։ Մեքենան Արարատի քաղաքապետարանին է մատակարարելու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանի որդուն պատկանող նորաստեղծ ընկերությունը, որի հետ պայմանագիրը ստորագրվել է ապրիլի 15-ին։
Այս մասին գրում է Civilnet.am-ը։
Մարտի 11-ին Արարատի քաղաքապետարանը հայտարարություն էր հրապարակել էլեկտրոնային աճուրդի մասին։ Աճուրդով պետք է ձեռք բերվեր ծառայողական մարդատար մեքենա։ Արարատի քաղաքապետարանը մեքենայի տեխնիկական բնութագրերում ներկայացրել է, որ պետք է մատակարարվի Volkswagen ID 6 Crozz կամ համարժեք մեքենա։
Հակառակ սրան՝ «Գնումների մասին» օրենքի 13-րդ հոդվածի 5-րդ կետը սահմանում է, որ «գնման առարկային հատկանիշները չպետք է պահանջ կամ հղում պարունակեն որևէ առևտրային նշանի, ֆիրմային անվանման, արտոնագրի, էսքիզի կամ մոդելի, ծագման երկրի, արտադրողի կամ կոնկրետ աղբյուրի, բացառությամբ այն դեպքերի, երբ անհնար է գնման առարկայի բնութագրումն առանց դրանց»։ Տվյալ դեպքում համայնքապետարանը հնարավորություն ուներ տեխնիկական բնութագրում ներառել պահանջվող տվյալներ, օրինակ՝ մեքենայի տարեթվի, փոխանցման տուփի, շարժիչի ծավալի և այլ հատկանիշների մասով՝ առանց ներկայացնելու նախընտրելի մակնիշը։ Մինչդեռ տեխնիկական բնութագրում նշվել է ֆիրմային անվանում, մակնիշ և այլն։
Տեխնիկական բնութագրում նշվել է նաև, որ ավտոմեքենան շուկա դուրս եկած պետք է լինի 2022-ից սկսած, ունենա 3 տարվա երաշխիք, նախընտրելի գույնը պետք է լինի մուգ կապույտ մետալիկ, սրահինը՝ մուգ ալկանտարա։
«Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոն» հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Արմենուհի Բուռնազյանի խոսքով՝ տեխնիկական բնութագրի մեջ մակնիշին հղում տալը վիճելի է. «Գնումների մասին օրենքը սահմանում է՝ այնպիսի պայմաններ պետք է նշել, որ հնարավորինս շատ մասնակիցներ կարողանան մասնակցել։ Օրենքը սահմանում է՝ ուղիղ անվան, մակնիշի հղում չկատարվի, իսկ երբ բնութագրիչները սահմանափակ են տրվում, այդ դեպքում սահմանափակվում է պոտենցիալ մասնակիցների մուտքը գործընթացին ու մատչելիության սկզբունքն է տուժում։ Սա սահմանափակող կարգավորում է եղել»,- ասում է գնումների փորձագետը։
Արմենուհի Բուռնազյանը գնման գործընթացում խնդրահարույց է համարում նաև այն, որ մեքենայի ձեռքբերումն իրականացվել է էլեկտրոնային աճուրդի ընթացակարգով և ոչ բաց մրցույթով։ Ըստ փորձագետի՝ այս երկու ընթացակարգերի էական տարբերություններից մեկն այն է, որ բաց մրցույթի դեպքում ավելի երկար ժամանակ է տրվում մանակիցներին առաջարկներ ներկայացնելու համար, իսկ էլեկտրոնային աճուրդի դեպքում ժամկետները սահմանափակ են։ «Կարող է կասկած առաջանալ, թե այդ փոքր կառույցին որքանով է անհրաժեշտ այդ ֆունկցիոնալության մեքենան։ Անկեղծ ասած, ես չեմ հասկանում ամենագնաց մեքենա ձեռք բերելու իմաստը այս դեպքում»,- նշեց փորձագետը։ Նրա դիտարկմամբ՝ թեպետ որոշակի մրցակցություն ապահովվել է գնման գործընթացում, բայց մեքենայի մակնիշին հղում կատարելը ունեցել է սահմանափակող գործոն։
Արարատի քաղաքապետարանը գնման համար նախատեսել էր առավելագույնը 18 միլիոն դրամ, որից 1,5 միլիոնը՝ ավելացված արժեքի հարկ։
Մարտի 25-ին գումարվել է էլեկտրոնային աճուրդի գնահատող հանձնաժողովի նիստ։
Ավտոմեքենան մատակարարելու հայտ էին ներկայացրել 5 ընկերություններ՝ LA Import LLC, «Յուքար» ՍՊԸ, «Անդրա» ՍՊԸ, «Ջերմուկ գրուպ» ՓԲԸ և «Շին կորտ» ՍՊԸ։ Ցանկում նվազագույն գին առաջարկել է «Շին կորտ»-ը՝ 16 560 000 դրամ։ Նրանից ընդամենը 180 000 դրամ ավել է առաջարկել «Ջերմուկ գրուպ»-ը, ուստի նախապատվությունը տրվել է «Շին կորտ»-ին։ Ապրիլի 15-ին Արարատի քաղաքապետարանը պայմանագիր է կնքել «Շին կորտ»-ի հետ, Volkswagen ID 6 Crozz-ի մատակարարման արժեքը կազմել է 18 միլիոն դրամ։
Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում։