ՀՀ ԱԳ նախարարը հանդիպել է Սաուդյան Արաբիայի կրթության նախարարի հետ
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Սաուդյան Արաբիայի Թագավորության կրթության նախարար Յուսուֆ բին Աբդալլահ Ալ-Բանյանի հետ։
Զրուցակիցները գոհունակությամբ արձանագրել են երկու երկրների միջև ձևավորվող բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը և նշել, որ ՀՀ ԱԳ նախարարի այս այցը նոր խթան կհանդիսանա Հայաստանի և Սաուդյան Արաբիայի միջև տարբեր առանցքային ոլորտներում փոխգործակցության զարգացման գործում։
Հանդիպման ընթացքում նախարարները քննարկել են կրթության ոլորտում համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ՝ երկուստեք պատրաստակամություն հայտնելով քայլեր ձեռնարկել կրթության, գիտության, մշակույթի ոլորտներում կապերն ընդլայնելու ուղղությամբ։
Հատուկ ուշադրություն է հատկացվել կրթության մեջ բարձր տեխնոլոգիաների և նորարարությունների, երիտասարդության ներուժի արդյունավետ կիրառման միջոցով ոլորտի՝ ժամանակակից պահանջներին համահունչ զարգացումն ապահովելու կարևորությանը։ Այս համատեքստում Արարատ Միրզոյանը ներկայացրել է ՀՀ կառավարության առաջնահերթությունները, «ԹՈՒՄՈ» ստեղծարար կենտրոնի գործունեության միջոցով ընձեռնվող հնարավորություններն ու արդեն իսկ ձևավորված միջազգային համագործակցությունը:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել ակտիվացնել Երևանի և Ռիյադի միջև շփումները՝ կրթության տարբեր մակարդակներում փորձի փոխանակման, մասնագիտական վերապատրաստման իրականացման, ինչպես նաև կրթաթոշակների ու մարդկային ռեսուրսի մեծ ներուժի փոխշահավետ իրացման նպատակով։