Իրաքի վարչապետն ու Բլինկենը քննարկել են հարաբերությունների երկարաժամկետ զարգացման հիմքերի ստեղծման հարցեր
Իրաքի վարչապետ Մուհամմադ Շիա Ալ Սուդանին և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը Վաշինգտոնում քննարկել են երկկողմ հարաբերությունների երկարաժամկետ զարգացման շրջանակ ստեղծելու հարցը:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՏԱՍՍ»-ը, այս մասին ասվում է Իրաքի կառավարության ղեկավարի գրասենյակի հայտարարության մեջ, որը հրապարակվել է «Տելեգրամ»-ի պաշտոնական ալիքում։
«Հանդիպմանը, որը տեղի է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի նստավայրում, քննարկվել են երկարաժամկետ երկկողմ հարաբերությունների հիմքերը դնելու, ռազմավարական շրջանակային համաձայնագրի վերակենդանացման մասին և այլ հարցեր»,- ասվում է տեքստում։
Ըստ հաղորդագրության՝ Իրաքի վարչապետը հանդիպման ժամանակ ընդգծել է, որ ռազմավարական շրջանակային համաձայնագիրը ճանապարհային քարտեզ է Իրաքի և ԱՄՆ-ի միջև ապագա հարաբերությունների զարգացման համար:
Կողմերը քննարկել են նաև մի շարք տնտեսական ասպեկտներ և ներդրումային հնարավորություններ ամերիկյան ընկերությունների համար, հատկապես էներգետիկ ոլորտում, ինչպես նաև իրաքյան մասնավոր հատվածի հետ գործընկերության ընդլայնման հնարավորությունները։