Սլովենիայի ԱԳ նախարարությունը հանրապետության քաղաքացիներին խորհուրդ է տվել խուսափել Իսրայել մեկնելուց
Սլովենիայի արտաքին գործերի նախարարությունը հանրապետության քաղաքացիներին խորհուրդ է տվել զերծ մնալ Իսրայել մեկնելուց։
Ինչպես հաղորդում է «ՏԱՍՍ»-ը, այս մասին ասվում է նախարարության «X»-ում հրապարակված հաղորդագրության մեջ:
«Երկրում տիրող իրավիճակի պատճառով մենք խորհուրդ չենք տալիս մեկնել Իսրայել՝ անվտանգության նկատառումներից ելնելով»,- ասվում է տեքստում։
Ավելի վաղ Սլովենիայի արտաքին գործերի նախարար Տանյա Ֆայոնը հեռախոսազրույց է ունեցել Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ: Զրույցի ընթացքում Ֆայոնն Աբդոլլահիանին դեէսկալացիայի և զսպվածության կոչ է արել:
Նրա խոսքով՝ այժմ չափազանց կարևոր է, որ բոլորը գիտակցեն իրավիճակի լրջությունը։ Քաղաքական գործիչը նշել է՝ Սլովենիայի իշխանությունները կարծում են, որ Գազայում հրադադարը Մերձավոր Արևելքում լարվածությունը թուլացնելու միակ ճիշտ ուղին է: