«Իրականացվել է մի քանի զինատեսակի փորձարկում». նախարար
ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը տեղեկացրել է, որ իրականացվել են մի քանի զինատեսակի և կառավարման համակարգերի գծով փորձարկումներ, որոնք մոտ ապագայում հնարավրություն կունենալ կիրառվել ԶՈւ-ում։
Նրա խոսքով` ռազմարդյունաբերության ոլորտում գործող բոլոր ընկերությունների հետ հանդիպումներում վեր են հանել մարտահրավերներն ու խնդիրները։ Ըստ նրա, գրանցվել է ռազմաարդյունաբերությամբ զբաղվող մի քանի նոր ընկերություն. «Մշակվել է ռազմարդյունաբերական համալիրի սուբյեկտների արտադրական հզորությունների զարգացման հիմնադրամի հայեցակարգը, որը հնարավորություն է տալու մեծ արդյունավետությամբ զարգացնել ռազմարդյունաբերության ոլորտը»,- ասել է նա։
Նախարարը նաև տեղեկացրել է, որ ռազմարդյունաբերողներն այս պահին 122 մլրդ դրամի պատվեր են ստացել ՊՆ-ից. «Գործող 25 կազմակերպություն պատվեր ունի ՊՆ-ից։ Մենք ակնկալում ենք, որ տարվա ընթացքում այն կհասնի 29-ի։ Այս պահին ունենք կնքված 46 եռամյա պայմանագիր։ ՊՆ-ն այս պահին 122 մլրդ դրամի պատվեր է տվել կազմակերպություններին, ակնկալում ենք, որ տարվա կտրվածքով պատվերների ընդհանուր գումարը կկազմի 191 մլրդ դրամ»,- ասել է նա։