Բորելը նշել է, որ Եվրամիությունը պետք է պատրաստ լինի ինքնուրույն պաշտպանելու իրեն
Եվրոպայի երկրները պետք է սեփական անվտանգությունն ապահովեն ինքնուրույն: Եվրոպայի արտաքին կապերի ծառայության կայքում հրապարակված հոդվածից ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի խոսքերն է մեջբերել ՏԱՍՍ գործակալությունը:
«Մենք պետք է ստանձնենք ռազմավարական պատասխանատվություն Եվրոպան ինքնուրույն պաշտպանելու ունակության համար՝ ստեղծելով զորեղ հիմք Հյուսիսատլանտյան դաշինքի (ՆԱՏՕ) ներսում», - նշել է նա:
ԵՄ դիվանագիտական ծառայության ղեկավարն ընդգծել է, որ Եվրամիությանն անհրաժեշտ է փոխել եվրոպական պաշտպանության ամբողջ պարադիգմը, քանի որ համայնքի երկրները «չափազանց երկար են անվտանգությունը պատվիրակել ԱՄՆ-ին, իսկ վերջին 30 տարում՝ Բեռլինի պատի անկումից հետո, թույլ են տվել լուռ զինաթափում»։ Դրա հետ մեկտեղ նա հայտնել է, որ այդ քայլը պահանջվում է անել ոչ այն պատճառով, որ ԵՄ-ն պատրաստվում է պատերազմի։ Ինչպես պնդել է Բորելը, Եվրամիությունը ցանկանում է ունենալ «ցանկացած ագրեսորի հուսալի զսպման միջոցներ»: