Պատասխան հարվածը համաչափ լինելու համար պիտի լիներ հենց Իսրայելի դեմ ուղիղ Իրանից. իրանագետ
Իրանագետ Աննա Դավթյան-Գևորգյանը ֆեսյբուքյան իր էջում գրել է.
«Երեկ գիշերը տեղի ունեցածի մասով մի քանի դիտարկում`
«Վրիժառության» առիթ հանդիսած իրադարձությունը` հարձակումը Իրանի հյուպատոսության վրա, փոխել էր Իրան-իսրայելական հակամարտության ձևաչափը` պրոքսի ուժերի միջոցով կամ պրոքսի ուժերի տարածքներում փոխադարձ հարվածների փոխարեն առճակատուն արդեն ուղիղ էր։
-Պատասխան հարվածն ուրեմն, ըստ իրանական կողմի` համաչափ լինելու համար պիտի լիներ հենց Իսրայելի դեմ ուղիղ Իրանից։
-Հետևաբար, խորհրդաշնական ու հոգեբանական տեսանկյունից` արձակված բազում դրոնների ու հրթիռների մեջ կարևոր էր ՀԵՆՑ Իրանից արձակված հրթիռների ու դրոնների գործոնը։ Հեռահար հրթիռների խնդիրը հարց էր, որ Իսրայելն ու ԱՄՆ թրամպյան կառավարությունը փորձում էր ներառել Իրանի հետ Միջուկային ծրագրի համաձայնագրի մեջ։ Իրանի ռազմավարական նպատակների համար, սակայն, Միջուկային համաձայնության հարցը միայն միջուկային ծրագրի մասին պահելը կարևոր կարմիր գիծ էր հայտարարված։ Նմանապես, Իրանի` մերձավորարևելյան քաղաքականության «վերանայման» ու պրոքսի ուժերին օգտագործելու հարցը նույնպես` առանձին հարց դիտարկելը իրանական արտաքին քաղաքական Կարմիր գծերից է։ Երեկ` ևս մեկ անգամ ցուցադրվեց նաև այս ուժերի հետ սիխրոն գործելու` Իրանի չթուլացած կարողությունը։
-ՄԱԿ-ում Իրանի ներկայացուցչությունը «խնդիրն իրագործված է» ուղերձով իր հայտարարությունը տարածեց մինչև բոլոր հրթիռների ու դրոնների «տեղ հասնելը», ինչը հավելյալ փաստարկ է այն պնդման համար, որ պատասխանն ավելի շուտ խորհրդանշական էր` ցույց տալու կարողությունները, բայց դրանք դեռ ամբողջությամբ չօգտագործելու (տարբեր տվյալներով` արձակված հրթիռներն, օրինակ, կարող են նաև միջուկային մարտագլխիկներ կրել)։
-Ողջ աշխարհին նստած իրանական դրոններին Իսրայել մտովի ուղեկցել ստիպելով` իրանական քարոզչական նպատակները կարևոր հաջողություն գրանցեցին, թեև խուճապ լինել/չլինելու հարցում կողմերն, իհարկե տարբեր մեկնաբանություններ ունեն,
-Իսրայելի ու դաշնակիցների ՀՕՊ արդյունավետ համակարգը իր հերթին հնարավորություն է տալիս, իհարկե, մյուս կողմին էլ իր հերթին «հաղթանակից» խոսելու,
-Եղածն ուրեմն, կարող է դիտարկվել որպես երկուստեք կարողությունների վերագնահատում ու հավելյալ զսպօղակ, եթե ԱՄՆ-ն ու մյուս դաշնակիցները շարունակեն իրենց անեկբա աջակցությունն Իսրայելին պաշտպանելու հարցում, բայց ոչ խրախուսումը պատասխան ռազմական գործողությունների կամ... բոլտոնյան մարտավարության ջատագովները պնդեն, որ Իրանի դեմ ռազմական գործողությունների ծրագիրն այլընտրանք չունի։
-Ավելորդ եմ համարում անդրադառնալ, թե երկրորդ զարգացման դեպքում ազդեցությունը մեր տարածաշրջանի վրա ինչպիսին կլինի։
Հ.գ. իսկ առհասարակ, խենթ ժամանակներ են միջազգային հարաբերություններին հետևելիս տրամաբանական վերլուծությունների համար. Աշխարհը կարծես «որքան անտրամաբանական, այդքան ավելի հավանական» նշանաբանով է առաջնորդվում։