Ո՞վ կմտածեր, որ Իրանը, Իսրայելն ու ԱՄՆ-ն կարող են պայմանավորվել ու այսքան սիրուն ներկայացում բեմադրել. Հրանտ Մելիք-Շահնազարյան
«Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի հիմնադիր, քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը գրում է.
«Ո՞վ կմտածեր, որ Իրանը, Իսրայելն ու ԱՄՆ-ն կարող են պայմանավորվել ու այսքան սիրուն ներկայացում բեմադրել։ Աշխարհը փոխվել է։ Մեր և հարակից տարածաշրջաններում նոր կարգեր ու նոր դաշինքներ են ձևավորվում։ Խաղը բազմամակարդակ է։ Ամենավերին օղակում ԱՄՆ-ն, Ռուսաստանն ու Չինաստանն են պայմանավորվում, շոուն ապահովում են երկրորդ օղակի երկրները՝ կոնկրետ մեր տարածաշրջանում Իրանը, Թուրքիան ու Իսրայելը, դե իսկ գինը վճարում ամենաթույլերն ու անհեռատեսները։ Չթվարկեմ…
Միակ հուսադրողն այն է, որ կոնկրետ Հարավային Կովկասում այդ խաղի վերջնարդյունքներն դեռևս արձանագրված չեն։ Մեզ ինչ-որ բաներ դեռ կհասնեն։ Ցավոք, սուվերենության ևս մեկ մեծ չափաբաժնի հաշվին։ Բայց եթե որպես ազգ կարողանանք հետևություններ անել վերջին տարիների զարգացումներից, ապա ապագայի հետ կապված մեր շանսերը վատը չեն։ Հեչ վատը չեն»։
Հիշեցնենք, որ Իրանը շաբաթ գիշերը իր տարածքից ավելի քան 300 հարվածային անօդաչու թռչող սարք և հրթիռ է արձակել Իսրայելի ուղղությամբ, ինչն Իսլամական Հանրապետության առաջին ուղիղ հարձակումն էր Իսրայելի վրա:
Իսրայելի պաշտպանության բանակի խոսնակ Դանիել Հագարին ասել է, որ ընդհանուր առմամբ Իրանը ավելի քան 300 զինատեսակ է արձակել Իսրայելի ուղղությամբ՝ 170 անօդաչու թռչող սարք, 30 թևավոր և 120 բալիստիկ հրթիռ, և որ դրանց 99%-ը որսացել է Իսրայելի հակաօդային պաշտպանությունը:
«Սա շատ կարևոր ռազմավարական ձեռքբերում է», - ասել է նա առավոտյան մամուլի ասուլիսում:
Նշվում է, որ Իսրայելի ռազմաօդային ուժերի և նրա դաշնակիցների կողմից բոլոր 170 անօդաչու թռչող սարքերը և 30 թևավոր հրթիռները խոցվել են երկրի սահմաններից դուրս: Ոչ մի անօդաչու թռչող սարք կամ թևավոր հրթիռ չի կարողացել ներխուժել Իսրայելի օդային տարածք։
Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է, որ հեռահար «Arrow» հակաօդային պաշտպանության համակարգը կարողացել է տապալել 120 բալիստիկ հրթիռների «ճնշող մեծամասնությունը», թեև մի քանիսը ներթափանցել են Իսրայելի պաշտպանությունը և հարվածել Իսրայելի հարավում գտնվող Նևաթիմ ավիաբազային:
Նևաթիմում «թեթև վնաս» է հասցվել ենթակառուցվածքին, սակայն ավիաբազան աշխատում է սովորական ռեժիմով, ասել է Հագարին: