Վատ պարողին գիտենք՝ ինչն է խանգարում, վատ քաղաքական գործչին էլ կարող են խանգարել, օրինակ, պատմական Հայաստանը, նախկինները․ Ռուբեն Մելքոնյան
Պատմանական Հայաստանը դա նաև մեր ժողովրդի պատմական հիշողությունն է և հրաժարվել պատմական հիշողությունից որևէ ազգ չի կարող, որովհետև այդ հիշողությունը ներմուծված է մեր ինքնության մեջ․ այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց պատմաբան, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը՝ անդրադառնալով վարչապետ Փաշինյանի՝ պատմական Հայաստանն իրական Հայաստանից սահմանազատելու վերաբերյալ հայտարարություններին։
Նրա խոսքով՝ ոչ Նիկոլ Փաշինյանը, ոչ էլ որևէ այլ անձ չի կարող մեր ժողովրդին զրկել իր հազարմյա պատմական հիշողությունից, պատմական հիշողության մաս է կազմում նաև պատմական Հայաստանը։
«Բնականաբար, իլյուզիաներով տարվելը ցանկացած ռեալ քաղաքականությանը վնաս է, բայց հիմա, ինչպես իր ամբողջ գործունեության ընթացքում, դեմագոգիկ, միտումնավոր մեթոդներով Փաշինյանը խառնում է երկու երևույթ ու հակադրում է իրար․ հայրենիքը հակադրում է պետությանը, պատմական Հայաստանը հակադրում է իրական Հայաստանին, ինչը ո՛չ մեթոդական առումով, ո՛չ պատմական առումով, ո՛չ օբյեկտիվության առումով է ճիշտ և ճշմարիտ։ Ռեալ քաղաքականություն վարել կարող ես, եթե դու ուժեղ ես, բայց չի նշանակում, որ եթե ձերբազատվում ես պատմական հիշողությունից, կոպիտ ասած, պատմական Հայաստանից դառնում ես ուժեղ։ Այդ հարցում Նիկոլ Փաշինյանը չարաչար սխալվում է և իր թուլությունները փորձում է հիմանվորել այդ կերպ»,- ընդգծեց նա։
Ըստ Մելքոնյանի՝ Փաշինյանի մեծագույն մեղքն այն էր, որ լինելով պարտված ղեկավար, ևս մեկ անգամ ամեն գնով հասել է իշխանության և հիմա ամեն գնով այդ իշխանությունը պահում է։ Նրա խոսքով՝ իրականում Հայաստանը՝ պատմական, թե իրական, կարող է վերականգնվելու հույս ունենալ միայն առանց պարտված ղեկավարի։
«Եթե նա այդքան շատ է սիրում պատմական օրինաչափություններ, պետք է տեսնի, որ պատմության մեջ որևիցե պարտված ղեկավար չի կարողացել բանակցությունների ժամանակ կամ հետագայում իր երկրին օգուտ տալ։ Հետևաբար, նա նույնպես չի կարող մեր երկրին օգուտ տալ՝ լինենով պարտված ուժի ղեկավար։ Ի վերջո, եթե դու ուզում ես ռեալ քաղաքականություն վարել, քեզ հաստատ չի խանգարի պատմական Հայաստանը։ Եթե մեկ այլ ժանրից համեմատություն անենք՝ գիտենք, թե վատ պարողին ինչն է խանգարում, հետևաբար, վատ քաղաքական գործչին, վատ քաղաքականություն վարողին հասկանալի է, թե ինչերը կարող են խանգարել՝ պատմական Հայաստանը, նախկինները և այլն»,- ասաց նա։
Մելքոնյանը նշեց, որ աշխարհի բոլոր պետություններն էլ ունեն իրենց պատմական երկրները, իրական Ֆրանսիան ունի պատմական Ֆրանսիա, իրական Անգլիան ունի պատմական Անգլիա, Իրական Թուրքիան ունի պատմական Թուրիքա, որը կոչվում է Օսմանյան կայսրություն և Էրդողանը հիմա ասում է՝ մենք ունենք իրական աշխարագրություն և ունենք մեր հոգու աշխարհագրությունը, որի մեջ մտնում է շատ ավելի մեծ տարածքներ, Ռուսաստանն ունի պատմական Ռուսաստանի հիշողությունը, որը կայսերական Ռուսաստանն է և այդպես բոլորը։ Նրա խոսքով՝ հետևաբար, Փաշինայնի ասածը նաև հակաօրինաչափ է աշխարհի մարդկության տրամաբանությանը։
Նա բերեց Հունաստանի օրինակը՝ նշելով, որ Հունաստանի մոտ կա պատմական հիշողություն։
«Հունաստանը հրաժարվո՞ւմ է այն գաղափարից, որ իր տարածքները զավթված են Թոիրքիայի կողմից, իհարկե, ոչ, բայց Հունաստանի ու Թուրքիայի միջև կա՞ն շփումներ, այո։ Իրական Հունաստանին Կոստանդնուպոլսի Հունաստանը չի խանգարում։ Հայաստանը գտնվում է գերթույլ վիճակում իր իշխանության պատճառով, կոնկրետ անձամբ Նիկոլ Փաշինյանի պատճառով։ Սա կեղծ դիսկուրս է, որը Փաշինյանը գցել է օրակարգ, պատմական Հայաստանը չի կարող խանգարել իրական Հայաստանին և սա նույնիսկ քննարկման ենթակա չէ»,- նկատեց նա։