Փաստացի հրամանատարներից մնչև ԳՇ պետ պատասխանատու են. փորձագետը՝ 4 զինվորի կյանք խլած վթարի մասին
«Տեսականորեն չեմ բացառում, որ վարորդն իր կամքից անկախ է դուրս եկել տարածքից. Կարող է Նախիջևանի սահմանի մոտ անցնելիս է եղել, կարող է դիպուկահար է վարորդի վրա կրակել, կարողաները շատ են»,- YerevanToday-ի հետ զրույցում, մեկնաբանելով 4 զինծառայողի կյանք խլած վթարը, ասաց ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը:
«Այս պահին չեմ ուզում որոշակի առումով հստակ բան ասել, քանի դեռ նախաքննություն է ընթանում և դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզված չեն, բայց սա ինքնին արտառոց դեպք է, քանի որ անձնակազմի տեղափոխումը բավականին պատասխանատու գործ է»,- նշեց Նա:
Նահապետյանն արձանագրեց փաստը, որ դեպքը համընկել է Անվտանգության խորհրդի արտահերթ նիստի հետ՝ զուգահեռներ տանելով Ազատի զինվորական կացարանում 15 զինվորի կյանք խլած հրդեհի և վթարի միջև:
«Կարող եմ ենթադրել, որ գուցե դեպքի հետ էր կապված նիստը: Եթե հիշում եք՝ այսպես կորված մի զորանոցում, որը զորանոց էլ չէր՝ տուն էր, 15 զինծառայող այրվեցին: Այն ժամանակ Փաշինյանը մի քանի ժամ անց կառավարության շենքում նստած պատմում էր, թե ինչպես է եղել: Ունեցանք 15 զինածառայողի կորուստ, բայց ԱԽ նիստ չհրավիրվեց, իսկ այստեղ հրավիրվել է: Եթե տեսականորեն նայենք, որ ԱԽ նիստը կապված էր այս դեպքի հետ, ապա սկզբունքորեն չեմ բացառում, որ կարող է հակառակորդի միջամտություն է եղել: Ուղղակի 15 զոհի ժամանակ ԱԽ նիստ չեղավ, իսկ 4 զոհի ժամանակ եղավ. տեսականորեն կարող եմ հետևություններ անել, որ մեքենան ընթացքից շեղվել է ոչ իր կամքից անկախ, եղել է արտաքին միջամտություն: Իհարկե սա ենթադրություն է, քանի որ փակ է եղել ԱԽ նիստը և չգիտեմ, թե ինչ է քննարկվել իրականում»,- ասաց Նահապետյանը՝ նշելով, որ ԱԽ նիստը կարող էր կապված լինել նաև պաղեստինաիսրայելական հակամարտության հետ, քանի որ Իրանն ասել էր, որ հրթիռակոծելու է Իսրայելը կամ ամերիկյան և իսրայելյան այն կետերը, որոնք առկա են այլ երկրներում, իսկ Իսրայելն Ադրբեջանում բավականին տարածված ռազմական ցանց ունի:
Խոսելով պատասխանատուների մասին՝ փորձագետը նշեց, որ փաստացի հրամանատարներից մինչև ԶՈւ ԳՇ պետը կրում են պատասխանատվություն, որը պետք է բացահայտվի պատշաճ քննությամբ:
«Փաստացի հրամանատար, գումարտակ, վաշտ և այլն, որոնք որ պատրաստել են, զորամասի հրամանատար, ավտոծառայություն, մարտական հերթապահության գծով հրամանատարի տեղակալ, ով պարտավոր է ստուգել այն մեքենանրեը, որոնք անձնակազմ են տեղափոխում: Հերթափոխների ժամանակ միշտ լինում էին ներկայացուցիչներ նաև բանակային կորպուսից, ովքեր կրկնակի անգամ ստուգում էին այդ գործի համար պատասխանատուներին՝ որքանով են պատրաստ, չլինեն ավելորդ իրեր, ինչքանով է անձնակազմը բարոյահոգեբանական վիճակով պաստրաստ՝ վերջիվերջո զենքերով սահման են գնում: Կա նաև բանակային կորպուսի հրամկազմի պատասխանատվության չափը և այդպես մինչև ԶՈւ ԳՇ պետ»,- հավելեց փորձագետը՝ հորդորելով սպասել պաշտոնական տեղեկություններին և քննության արդյունքներին, որպեսզի ավելի հստակ կարողանա մեկնաբանել դեպքը:
Հիշեցնենք. Ապրիլի 12-ին ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայողներին տեղափոխող «Ուրալ» մակնիշի ավտոմեքենան դեռևս չպարզված հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել հարակից ձորակի տարածքում, ինչի հետևանքով զոհվել է 4, վիրավորվել՝ 20 զինծառայող: