56 ու 36 տարեկան 2 կին և 22-ամյա մի երիտասարդ Վարդենիսում տուն են թալանել (տեսանյութ)
ՆԳՆ ոստիկանության Վարդենիսի բաժնում Ջաղացաձոր բնակավայրի մի բնակիչ ապրիլի 8-ին բնակարանային գողության վերաբերյալ հաղորդում տվեց։
Ապրիլի 5-ից 8-ն ընկած ժամանակահատվածում, օգտվելով տանը մարդ չլինելու հանգամանքից, պատուհանի ապակին կոտրել, մտել էին տուն և, ըստ տանտիրոջ, գողացել 1 միլիոն դրամ, երաժշտական ձայնարկիչներ և կենցաղային իրեր։
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում նույն օրը ձերբակալվել և Վարդենիսի բաժին են տեղափոխվել 56 ու 36 տարեկան երկու կին և 22-ամյա մի երիտասարդ։
Երեքն էլ Ջաղացաձոր բնակավայրից են։ Կանայք խոստովանել են, որ ապրիլի 7-ի լուսադեմին նշված բնակարանից կատարել են գողություն։ Պարզվել է նաև, որ 22-ամյա երիտասարդը գողոնի մի մասը տարել էր իր բնակարան, իսկ մնացածը տեղափոխել էին կանանց բնակության հասցեներ։
Երեքն էլ ներկայացվել են Վարդենիսի քննչական բաժին։
Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։