Իրանը նախազգուշացրել է ԱՄՆ-ին չմիջամտել իր և Իսրայելի հակամարտությանը
Թեհրանը մի քանի արաբական երկրների միջոցով Վաշինգտոնին նախազգուշացնող հաղորդագրություն է փոխանցել:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Axios-ը՝ հղում կատարելով ամերիկյան երեք պաշտոնյայի:
Ըստ աղբյուրի՝ նշվում է, որ այն դեպքում, եթե Միացյալ նահանգները միջամտի Իսրայելի և Իրանի միջև հակամարտությանը, վերջիններս կհարձակվեն տարածաշրջանում ամերիկյան ուժերի վրա:
Ավելի վաղ, The Wall Street Journal-ը հայտարարել էր, որ Իրանի պատասխան հարվածը կարող է տեղի ունենալ առաջիկա 24-48 ժամվա ընթացքում։ Հրատարակության տվյալներով՝ հրեական պետությունը Իրանից հյուսիսից կամ հարավից ուղղակի հարձակման է պատրաստվում։ Միաժամանակ, ինչպես նշել է թերթը, Թեհրանը դեռ վերջնական որոշում չի կայացրել։ Իր հերթին, Axios պորտալը, հղում անելով աղբյուրներին, հայտնել է, որ Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանն իր գերմանացի գործընկեր Աննալենա Բաերբոքին ասել է, որ Իրանը սահմանափակ կերպով կպատասխանի հրթիռակոծությանը, որպեսզի չհրահրի լարվածության սրացում:
Ապրիլի 1-ին Դամասկոսում Իրանի հյուպատոսարանը ենթարկվել էր հարձակման, որի մեջ Իրանը մեղադրել է Իսրայելին: Իսրայելը ո՛չ հերքել է, ո՛չ հաստատել հյուպատոսարանին հարվածելու մեղադրանքները: Հարձակման ժամանակ զոհվել է 13 մարդ, այդ թվում՝ ԻՀՊԿ-ի երկու բարձրաստիճան գեներալ։ Իրանի իշխանությունները խոստացել են պատասխան միջոցներ ձեռնարկել Իսրայելի դեմ։