Նարեկ Մկրտչյանը մասնակցել է ԵԽ կողմից մեկնարկած Հայաստան փախստականների ներհոսքին արձագանքելու միջոցառումների փաթեթի ներկայացմանը
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը մասնակցել է Եվրոպայի խորհրդի կողմից մեկնարկած Հայաստան փախստականների ներհոսքին արձագանքելու միջոցառումների փաթեթի ներկայացմանը
Եվրոպայի խորհուրդը մեկնարկել է Հայաստան փախստականների ներհոսքին արձագանքելու Եվրոպայի խորհրդի միջոցառումների համալիր փաթեթ, որի ընդհանուր բյուջեն կազմում է 2,8 միլիոն եվրո։ Արձագանքման փաթեթի շրջանակում Եվրոպայի խորհուրդը նախաձեռնել է չորս նոր ծրագիր և լրացուցիչ բաղադրիչներ է ներառել երկու ընթացիկ ծրագրում:
«2023 թվականի սեպտեմբերին փախստականների հոսքից հետո, Հայաստանի Հանրապետության կառավարությունը ջանք չխնայեց՝ արագ արձագանքելու փախստականների հոսքին։ Արձագանքման միջոցառումները ներառում են աջակցության կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ միջոցառումներ: Ներկայումս, մենք երկարաժամկետ միջոցառումների փուլում ենք։ Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությունը մեզ համար շատ կարևոր է, և մենք բարձր ենք գնահատում Եվրոպայի խորհրդի աջակցությունը և փախստականների հոսքին արձագանքելու փաթեթը»,- ընդգծել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։
«Գործողությունների փաթեթի նպատակն է աջակցել փախստականների մարդու իրավունքների պաշտպանությանը, օգնել համայնքներին արդյունավետ արձագանքել փախստականների հոսքին, ապահովել երեխաների, կանանց իրավունքների պաշտպանությունը, ամրապնդել մարդու սոցիալական իրավունքները, ինչպես նաև աջակցել մարդու իրավունքների պաշտպանության ինստիտուտների կարողությունների ամրապնդմանը», – իր խոսքում նշել է Եվրոպայի խորհրդի ծրագրերի համակարգման տնօրինության ղեկավար Կլաուս Նոյկիրխը։
«Արձագանքման փաթեթը աջակցում է իշխանություններին՝ ամրապնդելու իրենց կարողությունները բազմաթիվ ոլորտներում, որոնք կարևոր են ոչ միայն փախստականների, այլ նաև խոցելի խմբերի ներկայացուցիչների համար», – նշել է Եվրոպայի խորհրդի Միգրացիայի և փախստականների հարցերով Գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Դեյվիդ Բեսթը։
Գործողությունների շարքում են Հայաստանի առողջապահական համակարգում լիարժեք ինտեգրումը, այդ թվում` մտավոր առողջության ապահովումը, շուրջ 2000 բուժաշխատողների կարողությունների զարգացման դասընթացների միջոցով՝ նպաստելով փախստականներին տրամադրվող հոգեբանական աջակցության և առողջապահական ծառայությունների բարելավմանը, ինչպես նաև հետկոնֆլիկտային պայմաններում երեխաների իրավունքների պաշտպանությունը՝ առաջարկելով Եվրոպայի խորհրդի չափանիշներին համապատասխան իրավական և քաղաքականության մշակմանն ուղղված աջակցություն։
Միաժամանակ, ծրագիրը կենտրոնացած է հանրային ծառայողների և այլ մասնագետների կարողությունների զարգացման վրա՝ արդյունավետորեն պաշտպանելու համար հակամարտությունից տուժած հայ երեխաների, ներառյալ՝ առանց ուղեկցության և ընտանիքից անջատված երեխաների իրավունքները: Բացի դրանից, ծրագրի նպատակն է բարձրացնել արդյունավետ խնամակալության և երեխաների նկատմամբ բռնության կանխարգելման մասին երեխաների ու ծնողների իրազեկվածությունը։
Բազմակողմանի աջակցություն կտրամադրվի նաև մարդու իրավունքների պաշտպանության ինստիտուտներին, մասնավորապես՝ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին, աջակցելով անձնակազմի կարողությունների ամրապնդմանը բարձր ռիսկային և սթրեսի կառավարման պայմաններում՝ ապահովելով խոցելի խմբերի, այդ թվում՝ Ղարաբաղի տարածաշրջանից փախստականների սոցիալական իրավունքների պատշաճ պաշտպանությունը և խթանումը:
Ծրագրի մեկ այլ շեշտադրումն է՝ աջակցել վերաբերելի օրենսդրական և նորմատիվ իրավական դաշտի զարգացմանը՝ ապահովելու, որ տեղահանված անձինք կարողանան իրացնել մարդու հիմնարար իրավունքները՝ եվրոպական չափանիշներին համապատասխան: Մասնավորապես, ծրագրերից մեկի շրջանակում կգնահատվի Ինտեգրման և վերաինտեգրման ռազմավարության նախագիծը, ինչպես նաև «Փախստականների և ապաստանի մասին» օրենքը:
Արձագանքման փաթեթի շրջանակում նախատեսված է չորս նոր ծրագիր՝
☑️ մարդու իրավունքների պաշտպանության երաշխիքների ամրապնդում,
☑️ մարդու սոցիալական իրավունքների ամրապնդում,
☑️ երեխաների իրավունքների պաշտպանություն,
☑️ աջակցություն փախստականներին ընդունած համայնքներին։
Ընթացիկ ծրագրերում ներառված են լրացուցիչ բաղադրիչներ՝
✔️ կանանց նկատմամբ բռնության հաղթահարում և գենդերային հավասարության ամրապնդում,
✔️ մարդու իրավունքները կենսաբժշկության մեջ։
Գործողությունների փաթեթը կազմվել է Եվրոպայի խորհրդի Միգրացիայի և փախստականների հարցերով Գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցչի 2023 թվականի հոկտեմբերի 11-ից 13-ի այցի արդյունքների հիման վրա, որի ընթացքում Հայաստանի իշխանությունների հետ համատեղ սահմանվեցին Հայաստանի համար աջակցության կոնկրետ ոլորտները՝ Հայաստանի համար Եվրոպայի խորհրդի Գործողությունների ծրագրին (2023-2026թթ․) և Միգրացիայի և ապաստանի համատեքստում խոցելի անձանց պաշտպանության գործողությունների ծրագրին (2021-2025թթ․) համահունչ: