Շնորհակալ ենք ձեզ ձեր աշխատանքի և հաղթանակի համար. Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանի պաուերլիֆտինգի հավաքականի մարզիկներին
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ապրիլի 12-ին ընդունել է Հայաստանի պաուերլիֆտինգի հավաքականի մարզիկներին և ֆեդերացիայի ղեկավար կազմին: Այդ մասին հայտնում են ՀՀ ԱԺ-ից:
Պաուերլիֆտինգի Հայաստանի հավաքականը մարտի 20-24-ը Լեհաստանում մասնակցել է XPC վարկածով Եվրոպայի առաջնությանը` թիմային հաղթանակով զբաղեցնելով առաջին հորիզոնականը:
ԱԺ նախագահը, ողջունելով մարզիկներին, խորհրդարանում ևս մեկ անգամ շնորհավորել է հաղթանակի կապակցությամբ` մաղթելով նորանոր նվաճումներ:
«Շնորհակալ ենք ձեզ ձեր աշխատանքի և այս հաղթանակի համար: Ուրախությամբ կարող եմ նշել, որ շատ են սպորտային հաղթանակները վերջին տարիներին, և շատ կարևոր է, որ մենք արձանագրենք, գնահատենք և խոսենք նման նվաճումների մասին»,- ասել է Ալեն Սիմոնյանը:
Պաուերլիֆտինգի Հայաստանի ֆեդերացիայի հիմնադիր նախագահ Գագիկ Սարոյանն ընդգծել է, որ հավաքականի համար շատ կարևոր և ոգեշնչող են նման հանդիպումները:
«Մեծարգո՛ պարոն ԱԺ նախագահ, շնորհակալություն Ձեզ և Ձեր աշխատակազմին այս հանդիպման ու ջերմ ընդունելության համար:
Մարզիկներից յուրաքանչյուրի համար կարևոր է պետության ներկայացուցիչների կողմից նման վերաբերմունքը: Շատ կարևորում ենք այս հանդիպումը և ուրախ ենք հյուրընկալվել Ազգային ժողովում»,- նշել է ֆեդերացիայի նախագահը:
Լեհաստանում ձեռք բերած մրցանակը ֆեդերացիան նվիրաբերել է ՀՀ Ազգային ժողովի թանգարանին:
Ջերմ մթնոլորտում անցած հանդիպմանը քննարկվել են նաև ֆեդերացիայի և հավաքականի մարզիկների կարիքները:
Ալեն Սիմոնյանը հանձնարարել է Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի գործունեության շրջանակում քննարկել վերոնշյալ խնդիրները: