Դանակահարություն՝ Շիրակի մարզում. 17-ամյա բնակչի մոտ հայնաբերվել է մի քանի դանակ
Ապրիլի 11-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 21:40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Շիրակի մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ «Արթիկ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը դանակահարված վիճակում «Արթիկ» բժշկական կենտրոն է տեղափոխել մի քաղաքացի:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, հիվանադանոցում պարզվել է, որ «մարմնի տարբեր հատվածներում արյունահոսող վերքեր և ալկոհոլային հարբածություն» ախտորոշմամբ հիվանդանոց է տեղափոխվել Շիրակի մարզի գյուղերից մեկի բնակիչ 46-ամյա Արմենակ Գ.-ն:
Մինչ վիրահատարան կտեղափոխեին վիրավորին, նա բժիշկներին հայտնել է, որ վնասվածքները ստացել է վայր ընկնելու հետևանքով, սակայն ոստիկանության Շիրակի մարզային վարչությունում հերթական օպերատիվ տեղեկություններն են ստանում, որ տեղի է ունեցել դանակահարություն:
Ոստիկանության Արթիկի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները տաք հետքերով պարզել են, որ Արմենակ Գ.-ին դանակով հարվածել և մարմնական վնասվածքները պատճառել է Շիրակի մարզի բնակիչ 17-ամյա Արթուր Վ.-ն:
Ոստիկանները Արթիկ քաղաքի Բաղրամյան փողոցում հայտնաբերում են և տեղում նրան ենթարկում են անձնական խուզարկության և հայտնաբերում են գաղտնի փականով դանակ, ու շեղբի հատվածում արնանման հետքերով ծալովի դանակ, ու ևս մեկ այլ դանակ:
Նրա մոտ հայտնաբերվում է նաև պոլիէթիլենային տոպրակով փաթաթված դեղնականաչավուն բուսական զանգված և մեկ հատ կանաչ գույնի անհայտ ծագման դեղապատիճ:
Փաստերի ճնշման տակ Արթուր Վ.-ն հայտնում է, որ դեպքը տեղի է ունեցել ժամը 19:20-ի սահմաններում Արթիկ քաղաքի Շինարարների փողոցի շենքերից մեկում, քանի որ դանակահարվածը իր մորը նեղացրել է, և ինքը վիճաբանել է Արմենակ Գ.-ի հետ, որի ժամանակ էլ ինքը դանակի հարվածներ է հասցրել նրա մարմնի տարբեր հատվածներին: