Ադրբեջանի և Բելառուսի արտգործնախարարները քննարկել են համագործակցության ամրապնդումը
Հանդիպել են Ադրբեջանի և Բելառուսի արտգործնախարարներ Ջեյհուն Բայրամովը և Սերգեյ Ալեյնիկը: Բելառուսի ԱԳՆ-ից հայտնել են, որ կողմերը վերահաստատել են երկկողմ համագործակցության հետագա ամրապնդման հանձնառությունը:
Նշվում է, որ 2024 թվականի փետրվարին երկու երկրների միջև ստորագրված ճանապարհային քարտեզով նախատեսված են ավելի քան 60 միջոցառումներ, որոնք ուղղված են տնտեսական համագործակցության արդիական ուղղությունների զարգացմանը, ապրանքների և ծառայությունների փոխադարձ առևտրի ծավալների ավելացմանը:
Բանակցությունների ընթացքում քննարկվել են նաև քաղաքական, առևտրատնտեսական, հումանիտար ոլորտներում բելառուսա-ադրբեջանական համագործակցությանը, միջազգային հարթակներում փոխգործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել փոխադարձ աջակցությունը միջազգային կազմակերպությունների շրջանակներում:
Բայրամովն ու Ալեյնիկն ուշադրություն են դարձրել առաջիկա բարձրաստիճան հանդիպումներին և փոխադարձ այցերին: