Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման լիազորության շրջանակում պետությանը վերադարձված գույքն ամրացվեց Պետգույքի կառավարման կոմիտեին
Կառավարության այսօրվա որոշմամբ՝ Պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացվեց Դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման լիազորության շրջանակում կնքված հաշտության համաձայնությամբ պետությանը վերադարձված՝ 2 միլիարդ 18 միլիոն 400 հազար դրամ շուկայական արժեքով Ավան վարչական շրջանի Աճառյան փողոցում գտնվող՝ 16.013 քմ մակերեսով հողամասը։
Հիշեցնենք, որ հաշտության համաձայնությունը հաստատվել էր Հակակոռուպցիոն դատարանի՝ 2024 թվականի փետրվարի 27-ի վճռով:
«Գույքի նկատմամբ արդեն իսկ գրանցվել է Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքը։
Հավելենք, որ վերջին վեց ամիսների ընթացքում՝ 2023 թվականի 4-րդ եռամսյակում և 2024 թվականի առաջին եռամսյակում, Դատախազության երկու բացառիկ լիազորությունների՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման և պետական շահերի պաշտպանության շրջանակում, պետությանն է վերադարձվել շուրջ 10 միլիարդ դրամի գույք:
Նշված ժամանակահատվածում օրինական ուժի մեջ մտած վճռով կամ դրանից հետո ընդունված Կառավարության որոշմամբ, միայն ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործառույթի շրջանակում, ՀՀ սեփականությանն է փոխանցվել 7 անշարժ և 1 շարժական գույք՝ ընդհանուր շուրջ 4 միլիարդ 118 միլիոն դրամ արժեքով, ՀՀ սեփականությանն է փոխանցվում նաև շուրջ 609 միլիոն դրամ»,- ասված է ՀՀ գլխավոր դատախազության տարածած հաղորդագրության մեջ: