Հայաստանի և Վրաստանի արդարադատության նախարարները քննարկել են գործակցության խորացման հնարավորությունները
Հայաստանի արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանն առանձնազրույց է ունեցել Վրաստանի արդարադատության նախարար Ռատի Բրեգաձեի հետ:
ՀՀ արդարադատության նախարարությունից տեղեկացնում են, որ Գրիգոր Մինասյանը շնորհակալություն է հայտնել գործընկերոջը հայ-վրացական իրավական ֆորումին մասնակցելու նպատակով Հայաստան այցելելու համար, նշել, որ այն կարևոր հարթակ է երկկողմ կատարված աշխատանքն ամփոփելու և ապագայի ծրագրերը նախանշելու համար:
Նախարարն ընդգծել է՝ արդարադատության ոլորտում երկրներն ունեն 8 բազմակողմ միջազգային պայմանագիր, 4 երկկողմ պայմանագիր և ստորագրված 2 հուշագիր, որոնց գործնական կիրառությունն արտացոլվում է համատեղ իրականացվող աշխատանքում: Գրիգոր Մինասյանը առանձնահատուկ կարևորել է Հայաստանի և Վրաստանի միջև Ռազմավարական գործընկերության մասին հռչակագրի ստորագրումը, նշել, որ այն նոր նշաձող է սահմանել նաև արդարադատության ոլորտում գործակցությունն էլ ավելի խորացնելու համար:
Հայաստանի արդարադատության նախարարը շնորհավորել է Ռատի Բրեգաձեին՝ Վրաստանի՝ ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակ ստանալու կապակցությամբ:
Վրաստանի արդարադատության նախարարը շնորհակալություն է հայտնել Գրիգոր Մինասյանին ջերմ ընդունելության համար: Ռատի Բրեգաձեն ընդգծել է, որ արդարադատության ոլորտի գերատեսչությունների համատեղ նպատակը պետք է լինի Հայաստան-Վրաստան ռազմավարական հարաբերությունների իրավական անվտանգության ապահովումը:
Հայաստանի և Վրաստանի արդարադատության նախարարները հույս են հայտնել, որ Երևանում ընթացող հայ-վրացական իրավական ֆորումը նոր հնարավորություններ կստեղծի փորձի փոխանակման և բարեփոխումների տեղայնացման համար: