Հունգարիան լրացուցիչ սահմանափակումներ կմտցնի Ուկրաինայից գյուղատնտեսական մթերքների ներմուծման վրա
Հունգարիայի կառավարությունը լրացուցիչ սահմանափակումներ կմտցնի Ուկրաինայից գյուղատնտեսական ապրանքների ներմուծման վրա՝ հունգարացի ֆերմերներին պաշտպանելու համար, հաղորդում է Associated Press-ը՝ վկայակոչելով գյուղատնտեսության նախարար Իշտվան Նադյայի հայտարարությունը:
«Ուկրաինայի տնտեսությունը ոտքի կանգնեցնելու համար 2022 թվականին ԵՄ-ը որոշում կայացրեց թույլ տալ առանց մաքսատուրքերի Ուկրաինայից ապրանքների ներմուծումը, ինչն էլ հանգեցրեց մեծ ավելցուկի և ցածր գների եվրոպական գյուղատնտեսական շուկայում»,- ասել է նախարարը մամուլի ասուլիսում:
Բրյուսելն, ըստ Բուդապեշտի, ի վերջո չկարողացավ պաշտպանել եվրոպացի ֆերմերներին, որոնք ի վիճակի չէին մրցակցել ուկրաինական էժան ապրանքների հետ, այդ պատճառով էլ Հունգարիան որոշել է լրացուցիչ սահմանափակումներ կմտցնել ազգային մակարդակով։
Սլովակիան էլ իր հերթին է սպառնացել արգելել Ուկրաինայից մի շարք գյուղմթերքների ներմուծումը՝ պաշտպանելու տեղացի ֆերմերների շահերը:
ԵՄ-ի հետ Ուկրաինայի առանց մաքսատուրքերի առևտրի ռեժիմը, որը ներդրվել է 2022 թվականին, ուկրաինական գյուղատնտեսական ապրանքների զգալի մասը Եվրոպա արտահանելու նպատակով, հանգեցրել է Ուկրաինայից էժան սննդամթերքի առաքումներին հարևան երկրներ։ Լեհաստանը, Սլովակիան, Հունգարիան, Ռումինիան և Բուլղարիան հայտարարում են, որ այն մեծ վնաս է հասցրել իրենց գյուղատնտեսության ոլորտին։