Մենք այսօր գրում ենք մեր պատմությունը. Փաշինյան
Լավը չէ, որակով չէ, կդարձնենք որակով, բայց մենք ենք գրում այդ պատմությունը: Հասկանո՞ւմ եք՝ տաբերությունը որն է: Ձեր ասած «լավ պատմության» հեղինակը մենք չենք, այդ պատմությունը գրել է կայսրությունը մեզ համար մի նպատակով, որ մենք չլինենք պետություն, որ մենք լինենք ֆորպոստ: Մենք ասում ենք՝ մենք գրենք այդ պատմությունը: Ազգային ժողովում ՀՀ կառավարության ծրագրի՝ 2023 թվականի կատարման արդյունքների զեկույցի քննարկմանն առնչվող եզրափակիչ ելույթի ժամանակ նման հայտարարություն արեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ընդդիմության այն քննադատությանը, թե պատմության դասագիրքը լավը չէ:
Վարչապետը նաև նշեց, որ քննադատություններից հետո այսօր որոշել է գնալ և ամբողջութամբ կարդալ այն:
«Մեր ձեռքով գրած պատմությունը վատն է լինելու, որովհետև մենք չգիտեք, է՜, որ դարից ինքնուրույն պատմություն գրել: Միջնադարից այս կողմ մեր պատմությունները կայսրություններ են գրել: Այդ մեծ անունները, որ դնում եք, այդ բոլոր մե՜ծ անուններն ուղիղ կապով կապված են կայսրության հետ, և կայսրության սոցիալ-հեգեբանության և ավանդույթի մեջ են: Եվ, այո՛, մենք ենք գրում, որովհետև մենք պատմություն գրել էլ չգիտենք, որովհետև մեզ թույլ չեն տվել մեր պատմությունը գրել, ասել են՝ մենք կգրենք, կտանք, կարդացե՛ք, անգի՛ր արեք և պատմե՛ք:
Մենք այսօր գրում ենք մեր պատմությունը, և իմ հիմնական զեկուցման մեջ հիմնական ուղերձը հենց դրա մասին էր, որ, ժողովո՛ւրդ, եկեք դուրս գանք ուրիշների՝ մեզ համար գրած պատմությունից և նախ կերտենք ու զուգահեռաբար ձևակերպենք, գրենք, ստեղծենք մեր պատմությունը»,- ասաց Փաշինյանը և հավելեց, որ հենց այսօր Ազգային ժողովի դահլիճում այդ պատմությունը կերտվում է: