Ինձ մանկուց սովորեցրել են, որ ես սեպ եմ, մենք բոլորս սեպ ենք տարածաշրջանի համար. Ջուլհակյան
Կարող ենք մանրամասն քննարկել, թե այս կամ այն գերատեսչությունը որքանով է կատարել Կառավարության հնգամյա ծրագրով իր առջև դրված խնդիրները, բայց եթե փորձենք ընդհանուր ձևակերպմամբ ներկայացնել, թե ինչ է արել Կառավարությունը 2023-ին, մենք կունենանք հետևյալը. Կառավարությունը հետևողականորեն ձևակերպում է հայկական քաղաքական օրակարգ և ստեղծում է մեխանիզմներ հայկական քաղաքական օրակարգը սպասարկելու համար: Այդ մասին Ազգային ժողովում ՀՀ կառավարության ծրագրի՝ 2023 թվականի կատարման արդյունքների զեկույցի քննարկմանն առնչվող ելույթի շրջանակում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը:
Ըստ Ջուլհակյանի՝ ճիշտ է, 1990 թվականը, իհարկե, արդեն իսկ հռչակվել է անկախ պետականության հաստատման գործընթացի սկիզբ, բայց նաև կարծում է՝ այդ գործընթացը չի ուղեկցվել իրական հայկական քաղաքական օրակարգի գեներացմամբ և սպասարկմամբ:
«Հայաստանի անկախ և ինքնիշխան Հանրապետության քաղաքական ուժերն անկախության այս 30 տարիների ընթացքում չեն կարողացել ստեղծել այն հիմքերը, որոնց վրա պետք է կառուցվեր մեր անկախությունը: Մենք չեք կարողացել կայացնել անկախ և ինքնիշխան պետության համար պարտադիր ատրիբուտ համարվող ինստիտուտներ, և այս համատեքստում ինձ համար 2023 թվականի կարևորագույն ձեռքբերումը ՀՀ արտաքին հետախուզության ծառայության ձևավորումն է, որն այսօր արդեն գործում է՝ սպասարկելով ՀՀ ինքնիշխան շահերը»,- ասաց նա:
Ջուլհակյանը նաև խոսեց պատմական և իրական Հայաստանների անհրաժեշտության մասին: Ըստ նրա՝ վերջին 30 տարիներին ձախողել ենք Հայաստանի՝ որպես ինքնիշխան պետության պատմագրության դպրոցի ստեղծումը: Պատմական անցքերին, մեր ամբողջ պատմության ընթացքում հայ ժողովրդի կյանքում տեղի ունեցած իրադարձություններին հայ-պատմագիտական մտքի պրիզմայով չէ, որ նայում ենք:
«Որպես հետևանք՝ անկախության մի քանի սերունդ մեծացել է՝ առանց անկախ պետական գիտակցության, այլ կերպ ասած՝ առանց իրական Հայաստանի գիտակցման, պատմական Հայաստանի երազանքով կամ, ինչպես կասեր Եղիշե Չարենցը իր «Երկիր Նաիրիում», «ուղեղային մորմոքով, սրտի հիվանդությամբ»»,- ասաց նա:
Ջուլհակյանը նաև նշեց, որ անկախության առաջին սերնդից է և դպրոց սկսել է գնալ ՀՀ-ի անկախությանը զուգահեռ: «Ինձ մանկուց սովորեցրել են, որ ես սեպ եմ, մենք բոլորս սեպ ենք տարածաշրջանի համար, սեպ՝ թուրքական աշխարհի կոկորդում, և ես բավականին երկար ժամանակ պատվով ու ջանասիրաբար խաղացել եմ սեպի այդ փառապանծ, երբեմն՝ մազապուրծ, բայց հարկավ վսեմ դերը, մինչև հերթական մազապուրծ մի օր ես սկսեցի մտածել, թե ինչո՞ւ եմ հենց ես այդ վսեմ սեպը, ինչո՞ւ վրացի ընկերս սեպ չէ, ես սեպ եմ: Ես մտածեցի, որ գուցե, օրինակ, մանկապարտեզի ժամանակ, երբ խմբավարը մեկին տալիս է նարնջի դերը, մյուսին՝ մաղադանոսի, մեր դեպքում էլ մի խմբավար մեզ է տվել, մեզ վերագրել է սեպի պատմական դերը, և մենք պատվով, երբեմն տանջալլուկ կրել ենք և ինքներս մեզ երբևէ չենք հարցրել՝ իսկ մենք ուզո՞ւմ ենք լինել սեպ»,- ասաց ՔՊ խմբակցության պատգամավորը: