Իրանում հերքել են Թեհրանի օդային տարածքով թռիչքների արգելման մասին տեղեկատվությունը
Իրանական Mehr լրատվական գործակալությունը հերքել է այն տեղեկատվությունը, թե իբր, վկայակոչելով Իսլամական Հանրապետության պաշտպանության նախարար Մոհամմադ Ռեզա Աշտիյանիին, հաղորդել է զորավարժությունների պատճառով Թեհրանի օդային տարածքի փակման մասին։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից:
«Մի շարք արտասահմանյան զանգվածային լրատվամիջոցներ պնդել են, որ Mehr լրատվական գործակալությունը, վկայակոչելով պաշտպանության նախարարին, հայտնել է, թե Թեհրանի օդային տարածքով բոլոր թռիչքները կդադարեցվեն տեղական ժամանակով ժամը 00:00-ից՝ զորավարժանքների պատճառով: Այդ տեղեկատվությունը սխալ է, Mehr լրատվական գործակալությունը նման նորություններ չունի»,- ասված է հաղորդագրության մեջ, որը հրապարակվել է Mehr-ի X-ի արաբալեզու էջում:
Ապրիլի լույս 11-ի գիշերը Reuters գործակալությունը հանդես է եկել պնդմամբ, թե Mehr-ը, վկայակոչելով Իրանի պաշտպանական գերատեսչության ղեկավարին, հաղորդել է տեղական ժամանակով կեսգիշերից Թեհրանի օդային տարածքով բոլոր թռիչքների դադարեցման մասին՝ զորավարժությունների անցկացման պատճառով։ Որոշ ժամանակ անց Reuters-ը տեղեկացրել է, թե Իրանի գործակալությունը X-ում ջնջել է համապատասխան հաղորդագրությունը և հերքել դրա հրապարակման փաստը։