Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատի փոխնախագահ է ընտրվել ազգությամբ հայ պատգամավորը
Ուրուգվայի խորհրդարանի ազգությամբ հայ պատգամավոր Պեդրո Խիսդոնյանն ընտրվել է Ներկայացուցիչների պալատի փոխնախագահ։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Ուրուգվայում Հայաստանի դեպանությունը։
Ընտրությանը նախորդած ելույթներում ուրուգվայցի խորհրդարանականներն առանձնահատուկ ընդգծել են պատգամավորի հայկական ծագումը և վերջինիս ընտրության կապակցությամբ շնորհավորել նաև ուրուգվայահայ համայնքին:
Պեդրո Խիսդոնյանն իր ելույթում անդրադարձել է իր հայկական արմատներին և Հայաստանում ստեղծված իրավիճակին:
«‹Բազմաթիվ օրենսդիրներ հիշատակեցին իմ նախնիների ծագումը, հեռավոր հայրենիք Հայաստանը, որը ինչպես 20-րդ դարի սկզբում, այսօր ևս դժվարին ժամանակներ է ապրում, և տեղեկություններ են ստացվում Ադրբեջանի և նրա հանցակիցների կողմից բռնության և անհանդուրժողականության դեպքերի մասին, որոնք պետք է դատապարտվեն: Ուրուգվայն աշխարհին օրինակ է ծառայել՝ առաջինը պաշտոնապես ճանաչելով Հայոց ցեղասպանությունը: Մարդու իրավունքների, ազատ և խաղաղ ապրելու իրավունքի պաշտպանությունը հիմնարար նշանակություն ունի»,- նշել է Խիսդոնյանն իր ելույթում։