Հայաստանն ունի բոլոր հնարավորությունները գլոբալ խաղացողների միջև պայքարի դաշտ դառնալու համար. Կռիլով
Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Կովկասի սեկտորի գլխավոր գիտաշխատող, պատմական գիտությունների դոկտոր, Կովկասագետների գիտական ընկերության նախագահ, քաղաքագետ Ալեքսանդր Կռիլովը Alpha News-ի հետ զրույցում մեկնաբանել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի նոր կշտամբանքները ՀԱՊԿ-ի հասցեին։
«Այժմ Հայաստանի ղեկավարությունը բանակցում է, որ որոշ տարածքներ տա Ադրբեջանին։ Այսինքն՝ խոսքը ագրեսիայի մասին չէ, այլ սահմանային հակամարտությունների, սահմանային վեճերի։ Եվ երկրորդը, եթե խոսքը ագրեսիայի մասին է, ապա պետք է գործողության մեջ դրվի ՀՀ սահմանադրության 119-րդ հոդվածը, որը նախատեսում է ռազմական դրություն և մոբիլիզացիա հայտարարել։
Դրանցից ոչ մեկը չարվեց, ուստի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունն առաջարկեց դիտորդական առաքելություն ուղարկել այն շրջաններ, որտեղ իրավիճակը բարդ է, սակայն Հայաստանի ղեկավարությունը մերժեց դա և պահանջեց, որ ՀԱՊԿ-ն անհապաղ միջամտի, և նրանք նախընտրեցին դիտորդների Եվրամիությունից: Հիմա, ըստ ամենայնի, պետք է սպասել, որ Եվրամիության դիտորդները ինչ-որ կերպ կկարգավորեն իրավիճակը Հայաստանի սահմանին»,- ասել է Կռիլովը։
Փորձագետի կարծիքով, եթե Հայաստանն իր ընտրությունը կատարել է հօգուտ Արևմուտքի, ապա նրա տեղը կլինի այն շարքերում, որը դեմ է Ռուսաստանին։
«Եթե Հայաստանն արել է իր արժեքավոր ընտրությունը, և այս ընտրությունն, ի վերջո, հօգուտ Արևմուտքի է՝ ժողովրդավարական պետությունների, որոնք սուր հակասության մեջ են ավտոկրատիաների հետ, ապա պարզ է, որ այդ դեպքում Հայաստանի տեղը կլինի այն ընդհանուր շարքերում, որոնք այժմ տեղակայված են Ռուսաստանի դեմ:
Իսկ Հայաստանի դուրս գալը ՀԱՊԿ-ից կնշանակի, որ ՀՀ ղեկավարությունը բարձրացնելու է իր տարածքից ռուսական ռազմակայանի դուրսբերման հարցը՝ ֆրանսիական կամ ՆԱՏՕ-ի կոնտինգենտի դիմաց։ Եթե դա լինի ՆԱՏՕ-ի կոնտինգենտը, ապա, ըստ ամենայնի, հավանաբար, արագացված տեմպերով կբարելավվեն հարաբերությունները Թուրքիայի հետ։ Այստեղ մենք կարող ենք միայն գուշակել, որ դա կհանգեցնի Ռուսաստանի հետ հարաբերությունների արմատական փոփոխության, այդ թվում ՝ տնտեսական առումով», — նշել է Կռիլովը։
Փորձագետի խոսքով՝ ի թիվս այլ բաների, Հայաստանի արևմտյան գործընկերները պնդում են, որ դադարեցնի համագործակցությունը Ռուսաստանի հետ միջուկային ոլորտում, որպեսզի փակվի ատոմակայանը։
«Միևնույն ժամանակ, Հայաստանի արևմտյան գործընկերները պնդում են, որ դադարեցնի համագործակցությունը Ռուսաստանի հետ միջուկային ոլորտում և փակվի Հայաստանի տարածքում գտնվող ատոմակայանը։ Նախատեսվում է նաև ստեղծել տրանսպորտային կոնսորցիում արևմտյան խաղացողների հետ, որը կկարգավորի տրանսպորտային կապերը, ապրանքների և մարդկանց հոսքերը Հայաստանի տարածքով։
Եվ այդպիսով՝ հավաքական Արևմուտքը վերահսկողություն կստանա տարանցիկ հոսքերի նկատմամբ։ Մենք կարող ենք իրադարձությունների նման զարգացում ակնկալել, եթե Հայաստանի պատմական ընտրությունը վերջնականապես հօգուտ ժողովրդավարական պետությունների լինի։ Նրանք իրենց հռչակում են համաշխարհային ժողովրդավարություն, որը կվերափոխի ամբողջ աշխարհը։ Այսպիսով, այստեղ մենք կարող ենք ակնկալել, որ համաշխարհային համակարգի վերակառուցումը խաղաղ ճանապարհով կտեղափոխվի ավելի դրամատիկ ձևերի: Եվ այստեղ Հայաստանն ունի բոլոր հնարավորությունները գլոբալ խաղացողների միջև պայքարի դաշտ դառնալու համար», — եզրափակել է Կռիլովը։