Շվեյցարիայի արտգործնախարարն անհնար է համարում Ուկրաինայի հարցով երկխոսությունն առանց Ռուսաստանի մասնակցության
Շվեյցարիայի արտաքին գործերի նախարար Ինյացիո Կասիսն ապրիլի 10-ին կայացած ասուլիսում հայտարարել է, որ ուկրաինական ճգնաժամի խաղաղ կարգավորման բանակցությունները չեն կարող տեղի ունենալ առանց Ռուսաստանի մասնակցության, հայտնում է Интерфакс-ը։
«Թեև Ռուսաստանը չի մասնակցելու առաջին հանդիպմանը, խաղաղության գործընթացը չի կարող ընթանալ առանց այդ երկրի»,- նշել է Կասիսը՝ հավելելով, որ նպատակն է ապահովել Մոսկվայի մասնակցությունը հետագա բանակցություններին։
Bloomberg-ի հաղորդմամբ՝ Շվեյցարիան մտադիր է հունիսի 16-17-ը Ուկրաինայի հարցով բարձր մակարդակով կոնֆերանս կազմակերպել: Լրատվամիջոցը նշում է, որ մի շարք երկրներ պնդում են, որ Ռուսաստանը պետք է մասնակցի համաժողովին, սակայն պաշտոնական Կիևը նախքան Մոսկվային երկխոսությանը ներգրավելը ցանկանում է համաձայնեցնել առանցքային սկզբունքները, որոնք «ապագա համաձայնագրի հիմք կհանդիսանան»:
Մարտին ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել էր, որ Ռուսաստանը մտադիր չէ մասնակցել Շվեյցարիայում նախատեսված Ուկրաինայում խաղաղության հարցով միջազգային համաժողովին, քանի որ, ըստ ռուսական կողմի, «այն նվիրված է լինելու Զելենսկու վերջնագրային բանաձևն առաջ մղելուն»: ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի կարծիքով՝ Շվեյցարիան դժվար թե կարողանա հարթակ ծառայել տարբեր խաղաղապահ ջանքերի համար, քանի որ դա ենթադրում է չեզոք կարգավիճակ, որը պաշտոնական Բեռնը կորցրել է: